Ռուբեն Մխիթարյան. Մենք պատրաստվում են աշխատել ի շահ քաղաքի
Հասարակություն
14:25 02/05/2025
Հայաստան

Ռուբեն Մխիթարյան. Մենք պատրաստվում են աշխատել ի շահ քաղաքի

«Գյումրու ավագանու առաջին նիստն ընթացավ այնպես, ինչպես պետք է բնորոշ լիներ նիստին՝ կազմակերպվեցին հաձնաժողովները, ընտրվեցին փոխքաղաքապետերը, արտառոց ոչինչ չի եղել, ամեն ինչ նորմալ ընթացել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու  «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

Նա նշեց, որ իրենք աշխատելու են ի շահ քաղաքի, համագործակցելու են քաղաքի հետ կապված հարցերով. «Եթե քաղաքապետի կողմից ներկայացված ծրագրերի մասով դրական կարծիք ունենանք՝ կքվեարկենք կողմ, բացասական կամ որոշ բաներում կասկածներ ունենանք՝ կփորձենք միասին աշխատել ու լավացնել ծրագիրը, ու այդ դեպքում կտանք դրական եզրակացություն։

Չեմ կարծում, որ այստեղ պետք է առանձնացնել՝ ՔՊ-ի հետ համագործակցություն կլինի՞, թե՞ ոչ։ Քվորում հասկացողություն կա, եթե քվորում եղավ, արդեն մնացածն էական չէ»։

Հարցին՝ ինչո՞ւ էին դեմ քվեարկում հանձնաժողովների տեղակալների, անդամների պաշտոններում ՔՊ-ի թեկնածուներին, Ռ.Մխիթարյանը պատասխանեց. «Ես վերջին 7 տարվա ընթացքում տեսել եմ, թե ՔՊ-ի կադրային քաղաքականությունն իրենից ինչ է ներկայացնում։  ՔՊ կադրային քաղաքականությունից  բողոքում է նաև երկրի ղեկավարը։

Ես 7 տարի տեսել եմ, թե այս պետությունն ինչի են հասցրել ՔՊ-ի նշանակումները, ինչո՞ւ պետք է  այս անգամ վստահեմ ՔՊ-ի այս կամ այն թեկնածուին։

Դա հստակ դիրքորոշում է և դիրքորոշում է՝ մեր սեփական կենսափորձից ելնելով»։

Նա ընդգծեց, որ իրենք պատրաստվում են աշխատել ի շահ քաղաքի, լավ որոշումներին կողմ քվեարկել, սեփական օրինագծները, առաջարկություններն անել։ 

Ռ.Մխիթարյանն ասաց, որ պետք է ավագանու արտահերթ նիստեր գումարել, քանի որ 2-3 ամիս նիստ չի գումարվել, բազմաթիվ հարցեր են կուտակվել, պետք է այդ հարցերին արագ ընթացք տալ։ 

Լրագրողը հիշեցրեց Ռ.Մխիթարյանի՝ 2019 թվաանի մի հարցազրույց, որտեղ ասում է, որ «տարիներ շարունակ խոսվում է Գյումրին թալանել են կամ Վարդան Ղուկասյանը, կամ Անդրանիկ Քոչարյանը, նման խոսակցություններին մեկընդմիշտ վերջ տալու համար ձևավորել հանձնաժողով», քանի որ այժմ քաղաքային իշխանության մաս են՝ չե՞ն պատրաստվում արդյոք նման հանձնաժողով ձևավորել, նա պատասխանեց. «Վարդան Ղուկասյանի մասով՝ ոչ, որովհետև նա մի քանի քրեական գործով անցնում է, չեմ կարծում, որ Գյումրու քաղաքապետարանի ձևավորած հանձնաժողովը շատ ավելի էֆեկտիվ է աշխատելու, քան Հայաստանի քննչական մարմինները, իսկ Անդրանիկ Քոչարյանի մասով՝ այո, չեմ բացառում նման բան»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder