Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ: Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ Տարբեր ծրագրերով բազմամիլիարդանոց խախտումների համար հարուցված քրեական գործերով մինչ այժմ որևէ մեղադրյալ չկա։
ՍիվիլՆեթն ամփոփել է ԱՆԻՖ-ի ծրագրերն ու գործունեությունը։ Panorama.am-ը վերահրապարակում է դրանցից մի քանիսը.
Տարօրինակ ներդրումներ՝ սննդի ոլորտում
ԱՆԻՖ-ի ամենատարօրինակ ներդրումը Hard Rock ռեստորանն էր։ Ռեստորանի հիմնման գործընթնացում ֆոնդի ներդրման չափը կազմել է 500,000 դոլար։ Թեպետ պետական մասնաբաժնով ռեստորանը գործում է՝ այս ոլորտում ներդրում կատարելու նպատակահարմարության հարցը բարձրաձայնել էր Արժույթի միջազգային հիմնադրամը՝ շեշտելով, որ ԱՆԻՖ-ը չպետք է ներդրումներ կատարեր հանրային սննդի ոլորտում։
2021-ին ԱՆԻՖ-ը «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբի հետ սկսեց անասնակերի մատակարարման ծրագիր՝ համատեղ ստեղծելով «Սերմից ֆերմա» ընկերությունը։ 2023-ի օգոստոսին ԱՆԻՖ-ը հայտարարեց, որ ֆոնդն իր բաժնետոմսերը վաճառում է նույն ընկերությանը, այսինքն՝ «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբին։
Արևային կայանների կառուցման ծրագիրը
ԱՆԻՖ-ը 2021-ի հուլիսին հայտարարեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կազմելու էր 174 մլն դոլար, և ծրագրի շրջանակում կառուցվելիք արևային կայանը պետք է լիներ խոշորագույնը Հայաստանում։
Արևային կայաններն արդեն 2025-ից պետք է տեղադրված լինեին Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում։ Մինչ օրս, սակայն, այդ կայանների շինարարական աշխատանքները չեն մեկնարկել։
Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ծրագիրը բաղկացած էր երկու փուլից․ «Առաջին փուլով նախատեսվում է մինչև 2023-ի դեկտեմբեր ամիսն իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի, այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի և շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին և գործարկում», իսկ երկրորդ փուլով նախատեսվում էր մինչև 2024-ի դեկտեմբեր իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։
ՍիվիլՆեթի հետ զրույցում Դաշտադեմի վարչական ղեկավար Արկադի Մարտիրոսյանն ասաց, որ շինարարությունն անգամ չի սկսվել։
ԶՊՄԿ-ում պետական մասնակցություն՝ առանց հստակ արդյունքների
Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) բաժնետոմսերի նվիրատվություն սկսեց ստանալ 2021-ի սեպտեմբերի վերջից՝ սկզբում կոմբինատի բաժնետեր, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» ԲԲԸ-ից, այնուհետև «ԱՄՓ» հոլդինգից։ Գործադիրը որոշեց պետական բաժնեմասի կառավարումը հանձնել ԱՆԻՖ-ին։
Կառավարությունը հայտարարում էր, որ ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում։ Բացի այդ, նշվում էր, որ ԱՆԻՖ-ի միջոցով պետության և ընկերության բաժնետերերի միջև կարող է ստեղծվել երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։
Այնուամենայնիվ, ամիսներ անց՝ 2022-ի դեկտեմբերին, գործադիրը փոխեց իր որոշումը՝ բաժնետոմսերի կառավարումը հանձնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Մութ մնաց հարցը, թե ինչ է ի վերջո ԱՆԻՖ-ը արել ԶՊՄԿ-ում պետական բաժնեմասնակցության առումով։ Կառավարությունը որևէ կերպ չհիմնավորեց, թե ինչու էր անհրաժեշտություն առաջացել ԶՊՄԿ-ի պետական բաժնետոմսերը կառավարելու լիազորությունը ԱՆԻՖ-ից վերցնել ու տրամադրել պետական գույքի կառավարման կոմիտեին։
«Ապագա փրոջեքթսը»՝ սնանկության եզրին
2010-ին հիմնադրվեց «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին պատկանող «Ապագա ռեզորթ» հանգստի գոտին։ Մեկ տասնամյակ գործելուց հետո այն կանգնեց սնանկության եզրին հենց ԱՆԻՖ-ի «շնորհիվ»։
2022-ի մարտին ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը, 796 մլն դրամի ներդրում կատարեց «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ում և ձեռք բերեց ընկերության բաժնետոմսերի 25%-ը։ Այստեղից էլ սկսվեցին ընկերության խնդիրները։
«Այդ կետից ամեն ինչ սկսեց գնալ դեպի վատը։ Մենք շինարարություն էինք սկսել նախքան կորոնավիրուսը, ու երկրորդ փուլը հենց համաճարակի ընթացքում եղավ։ Մենք դիմեցինք ԱՆԻՖ-ին, 2021-ի նոյեմբերին ստացանք դրական որոշում, ու նրանք 796 մլն դրամի չափով ներդրում իրականացրին»,- պատմում է «Ապագա փրոջեքթսի» տնօրեն Տիգրան Չիբուխչյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում։
Չիբուխչյանի խոսքով՝ պետական «փրկօղակը» սնանկացման եզրին կանգնեցրեց իրենց ընտանեկան բիզնեսը, և գումարը փոխանցելուց վեց ամիս անց ԱՆԻՖ-ը սկսեց անհասկանալի պահանջներ ներկայացնել իրենց։
«Գոյություն ունեցող պայմանագրի բոլոր կետերի խախտումներով նրանք սկսեցին պատճառ փնտրել գումարի հետվերադարձի համար։ Մենք սկսեցինք բանակցել, ու ամեն ինչ ավարտվեց ուլտիմատումով»,- նշում է Չիբուխչյանը՝ հավելելով, որ ԱՆԻՖ-ը ներկայացրել է 17 հակասական պահանջ։ Ինչո՞ւ է ԱՆԻՖ-ը գնացել այդ քայլին. Չիբուխչյանն այդ հարցի պատասխանին սպասում է արդեն երեք տարի։
ԱՆԻՖ-ն ընկերության հիմնադիր Չիբուխչյանների ընտանիքին մեղադրում է յուրացումներ կատարելու համար, և դիմել է դատախազություն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։