Բենիամին Պողոսյան. Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, թեև դանդաղ և աստիճանաբար, դեռևս թուլանում են
Քաղաքական
12:44 03/05/2025
Հայաստան

Բենիամին Պողոսյան. Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, թեև դանդաղ և աստիճանաբար, դեռևս թուլանում են

Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի  թիմի կողմից կազմակերպված «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ Հայաստանի կիրառական հետազոտությունների ինստիտուտի (APRI Armenia) ավագ հետազոտող Բենիամին Պողոսյանը նշեց երկու սցենար, որոնց դեպքում կարող են ավարտվել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները։

«Առաջին սցենարն ավելի հավանական է. պատերազմը (Ուկրաինայում - խմբ.) շարունակվում է առավելագույնը մեկ տարի։ Ի՞նչ է սա նշանակում Հարավային Կովկասի համար։ Սա նշանակում է, որ վերջին երեք տարիների ընթացքում ունեցած ստատուս քվոն կշարունակվի։ Մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում, թեկուզ դանդաղ և աստիճանաբար, բայց Ռուսաստանի դիրքերը այնուհանդերձ  թուլանում են։

Սա չի նշանակում, որ Ռուսաստանը հեռացել է Հարավային Կովկասից։ Ռուսաստանը ներկա է Հարավային Կովկասում, 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում, սահմանապահներ...

Իմ կարծիքով, Ռուսաստանի համար ամենամեծ հարվածը հայերի էթնիկ զտումն էր Լեռնային Ղարաբաղում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ներկայումս հայեր չկան, և որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է բերվել այնտեղից, Մոսկվայի համար ամենամեծ հարվածն է։ Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում աստիճանաբար թուլանում է», - ասաց Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ ռուս սահմանապահները այլևս չեն ծառայում հայ-ադրբեջանական սահմանին կամ Իրանի հետ Հայաստանի սահմանի անցակետում։

«Առայժմ Հարավային Կովկասում գլխավոր, ուժեղ արտաքին խաղացողը Ռուսաստանն է, սակայն տարածաշրջանում նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն՝ Մոսկվայի դիրքերի թուլացմամբ, Թուրքիան է։ Եվ եթե Ուկրաինայում պատերազմը շարունակվի ևս մեկ տարի, ապա մենք կտեսնենք, թեկուզ դանդաղ, բայց Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացում։ Վերջին հաշվով, սա կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ Մոսկվան կդառնա Հարավային Կովկասի թիվ 2-րդ արտաքին խաղացողը», - նշեց քաղաքագետը։

Պողոսյանը նաև անդրադարձավ երկրորդ սցենարին, որի դեպքում պատերազմը կդադարեցվի մինչև 2026 թվականի գարունը։

«Ի՞նչ է սա նշանակում Հարավային Կովկասի համար։ Իմ կարծիքով, այդ դեպքում Ռուսաստանը ավելի շատ հնարավորություններ կունենա կանգնեցնելու իր դիրքերի թուլացման այս դանդաղ գործընթացը», - ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բենիամին Պողոսյան. Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, թեև դանդաղ և աստիճանաբար, դեռևս թուլանում են