Կամերային երաժշտոության դպրոց Երևանում՝ պրոֆեսոր Կրասոտինայից
Մշակույթ
09:55 06/05/2025
Հայաստան

Կամերային երաժշտոության դպրոց Երևանում՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Արդեն երկրորդ տարին է Primavera Foundation of Armenia հիմնադրամը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ, կազմակերպում է «Կամերային երաժշտության դպրոց»: Այս տարի դպրոցի պարապմունքները կտևեն մայիսի 5 - 8-ը:  Դպրոցը կեզրափակվի մայիսի 9-ին կայանալիք գալա-համերգով, որը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, համերգի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ «Կամերային երաժշտության դպրոց»-ը կանցնի Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի ղեկավարությամբ: Պրոֆեսորն անհատական պարապմունքներ կվարի նախորդ տարի ձևավորված և նոր կամերային անսամբլների հետ, որոնք նախապես դիմել են մասնակցության համար: Այս տարի դպրոցում ներգրավված են նաև արտասահմանցի երաժիշտներ: Հայաստանից մասնակիցներ կան ինչպես Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներից, այնպես էլ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի աշակերտներից: Բոլոր հայ մասնակիցների համար դասընթացներն անվճար են:

Մայիսի 9-ի գալա-համերգին պրոֆեսոր Կրասոտինան նույնպես ելույթ կունենա՝ հանդես գալով սաների հետ անսամբլների կազմում: Ութ տարբեր անսամբլներ, որոնց կազմում կան այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ ֆլեյտա, կլառնետ, ջութակ, դաշնամուր, թավջութակ և դասական կիթառ, կկատարեն Մոցարտի, Խաչտրյանի, Գրիգի, Պիացոլլայի ստեղծագործությունները: Համերգը կտեսագրվի և անվճար կտրամադրվի բոլոր մասնակիցներին իրենց անձնական օգտագործման համար:

Նախորդ տարիների «Կամերային երաժշտության դպրոց»-ի արդունքներն ափոփելիս պրոֆեսոր Կրասոտինան նշել է.  «Ես ապշած եմ հայ պատանի երաժիշտների աշխատասիրությամբ, կարճ ժամանակում նրանց ցուցաբերած առաջընթացով և երաժշտական նրբազգացությամբ ու ընկալունակությամբ: Նրանք հրաշալի արդյունքներ են գրացել, ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժիշտով: Կամերային անսամբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և փոխըմբռնում, ստեղծել ստեղծագործական կապեր, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև: Կամերային անսամբլը նաև հրաշալի հնարավորություն է տալիս մենակատարի կարիերա չընտրած երաժիշտներին  մնալ բեմի վրա և բարեհաջող շարունակել իրենց երաժշտական գործունեությունը»:

Նախորդ տարիներին պատանի երաժիշտները մեծ ոգևորությամբ են մասնակցել   «Կամերային երաժշտության դպրոց»-ներին, նրանք իրենց գնահատանքն էին արտահայտում բոլոր մասնագիտական հմտությունների և գաղտնիքների համար, որ փոխանցեց նրանց պրոֆեսոր Կրասոտինան: Մասնակիցները նաև բարձր էին գնահատում պրոֆեսորի մարդկային առաքինի որակները և այն, որ տիկին Կրասոտինան միացավ իրենց, մեկ բեմի վրա կողք-կողքի համերգին հանդես գալով անսամբլով, ինչը հազվագյուտ փորձառություն էր իրենց համար:

Այս ընթացքում, Primavera foundation of Armenia-ի ջանքերով, լույս ընծայման է պատրաստվում Իրինա Կրասոտինայի հեղինակած կամերային անսամբլի մասին մեթոդական ձեռնարկի հայերեն թարգմանությունը։

Իրինա Կրասոտինան Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական ​​երաժշտական ​​մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի  «Կամերային երաժշտություն» բաժնի  ղեկավար:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կամերային երաժշտոության դպրոց Երևանում՝ պրոֆեսոր Կրասոտինայից