Պարոն Պապոյան, ես չեմ ասում զեղծարարությունը, անազնիվ մրցակցությունը խթանեք, ես ասում եմ աջակցեք տեղական արտադրողին. Արթուր Խաչատրյան
Տնտեսություն
15:22 07/05/2025
Հայաստան

Պարոն Պապոյան, ես չեմ ասում զեղծարարությունը, անազնիվ մրցակցությունը խթանեք, ես ասում եմ աջակցեք տեղական արտադրողին. Արթուր Խաչատրյան

«Ես ասում եմ՝ պետությունը պետք է աջակցի տեղական արտադրողին»-ԱԺ-ում ունեցած իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հակադարձեց Էկոնոմիկայի նախարար Գագիկ Պապոյանին, որը ներկայացնում էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

«Էկոնոմիկայի նախարարան ասում է՝ դե տեսեք մի հատ ընկերություն կա, ինքը կասկածելի նմանությամբ ապրանք է արտադրում, դուք ասում եք՝ դա սպառողներին մոլորեցնում է, ինչու չեք արգելում։ Պարոն Պապոյան, ես չեմ ասում զեղծարարությունը, անազնիվ մրցակցությունը խթանեք, ես ասում եմ աջակցեք տեղական արտադրողին»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նկատեց, որ դրա համար կան բավարար մեխաիզմներ, բայց նախարարի պատասխանից տպավորություն է ստացել, որ նա խթանում է անազնիվ մրցակցությունը։

Խաչատրյանը հիշեցրեց, որ պետությունները մաքսային տուրքեր գանձելով ոչ միայն ֆիսկալ նպատակներ է հետապնդում, այլ նաև տնտեսական՝ տեղական արտադրությունը պաշտպանելու։

Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց չդիմել զեղծարարության՝ թեկուզ տեղական արտադրությանը օգնելու համար։

Մինչ այդ ներկայացնելով օրինագիծը՝ պապոյանն ասաց, թե նախագծով տնտեսական մրցակցության պաշտպանության և սպառողների իրավունքների պաշտպանության մասին ամբողջ օրենսդրությունը կհամապատասխանեցնենք եվրոպական օրենսդրությանը:

Նա նշեց, թե գործող օրենսդրությամբ բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումները:

Նշելով, որ Հայաստանում սպառողների շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու և պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություններով օժտված կենտրոնական մարմին չկա՝ Պապոյանն ասաց. «Այդ հարցն են լուծել, և այս օրենքի ընդունումից հետո այն կոչվելու է Մրցակցության պաշտպանության, մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով»:

Նա նշեց, թե չկան նաև սպառողների դեմ ուղղված անարդար, մոլորեցնող և ագրեսիվ առևտրային գործելակերպն արգելող կարգավորումներ, բացակայում են ապրանքի միավոր գնի ներկայացման կանոններն ու սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումները: Առաջարկվող նախագծով այս հարցերը ևս լուծվել են:

Պապոյանի ներկայացմամբ՝ սահմանվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունը, ամրագրվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ ներառյալ սպառողների դեմ անարդար առևտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսևորումները: Նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման առիթների քննարկման և վարույթների քննության առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանվել է սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար պատասխանատվություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարոն Պապոյան, ես չեմ ասում զեղծարարությունը, անազնիվ մրցակցությունը խթանեք, ես ասում եմ աջակցեք տեղական արտադրողին. Արթուր Խաչատրյան