Ես բավարարված չեմ, դուք որևէ բառ «հոկտեմբերի 27»-ից չեք ասել, որևէ բառ. Անդրանիկ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին
Քաղաքական
18:00 08/05/2025
Հայաստան

Ես բավարարված չեմ, դուք որևէ բառ «հոկտեմբերի 27»-ից չեք ասել, որևէ բառ. Անդրանիկ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին

«Այսօր՝ մայիսի 8-ն, Երկրապահի օրն է, ըստ ավանդույթի, պետք է գնայի Եռաբլուր, չեմ գնացել, որպեսզի  լսեմ տիկին դատախազի ելույթը, թե ինչ կա «հոկտեմբերի 27»-ի գործի հետ կապված»,-  ԱԺ-ում դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Անձամբ ինձ հետաքրքրել են ձեր մոտեցումները երկու կարևորագույն չբացահայտված գործերով՝ «հոկտեմբերի 27», «մարտի 1»: Դուք ասացիք, որ դա մեր երկրի պատվի գործն է, ճիշտ է, «հոկտեմբերի 27»-ը մի ոճրագործություն է, որի չբացահայտումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու»,- ասաց Քոչարյանը՝ մեջբերելով Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝ «հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր հոկտեմբերի 28-ին»:

«Այդ որդը պետք է մեզ չհոշոտի ամեն օր, ամեն տարի։ Այո, հոկտեմբերի 28-ին պետք է բացահայտված լիներ ու վերջանար, մենք իրար մեջ պետք է թշնամիներ ման չգայինք: Բայց մինչև հիմա բացահայտված չէ։

Ակնկալում էի, որ «հոկտեմբերի 27»-ի հետ կապված պետք է հիշատակեիք ոչ թե նախաքննության գաղտնիքները, բայց բաներ կան, որոնք նախաքննության գաղտնիքին չեն առնչվում: Վերջին հաշվով, ես այս հարցը ձեզ պետք է տայի, ոչ թե Աղվան Հովսեփյանին, ո՞նց եք պատկերացնում, եթե Աղվան Հովսեփյանը լիներ դատախազ և իրեն հնչեցվի «հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ հարց»,- ասաց նա:

Քոչարյանը հիշեցրեց, որ 2018-ից հետո գլխավոր դատախազը Արթուր Դավթյանն էր և իրենց ակնկալիքներն էլի չեղան:

«Հիմա, երբ դուք էիք նշանակվում, միշտ այն պատկերացումն եմ ունեցել, որ երկրի առողջացման մեջ գլխավոր դատախազի ինստիտուտն ամենակարևորն է: Կարևոր վկաների մեծ մասը մահացել են շատ տարօրինակ ձևով՝ մեկուսարանում, Էդիկ Գրիգորյանն այդպես էլ շատ լավ միջավայրում շարունակում է ցմահ մնալ մեկուսարանում։ Ի՞նչ եք կարծում տիկին դատախազ, եթե մեծ ուժեր չլինեին այս ամենի հետևում, այսպիսի տարօրինակ մահացության դեպքեր կլինեի՞ն: Այս հարցերն այնքան շատ պարարտ հող են տալիս բացահայտման համար»,- ասաց Քոչարյանը: 

Նա նաև նշեց. «Ես բավարարված չեմ, դուք որևէ բառ «հոկտեմբերի 27»-ից չեք ասել, որևէ բառ։ Մեզ էիք խնայո՞ւմ։ Ինձ չխնայեիք, Գագիկ Մելքոնյանին, Սեյրան Օհանյանին չխնայեիք:  Տվեք մեզ հեռանկար օր առաջ 27-ի թեման փակելու։ Բայց իրական բացահայտում է մեզ պետք, կարևոր վկաներ դեռ կան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես բավարարված չեմ, դուք որևէ բառ «հոկտեմբերի 27»-ից չեք ասել, որևէ բառ. Անդրանիկ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին