Հեղափոխությունը հեշտ է, փոփոխությունն է դժվար. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
13:22 08/05/2025
Հայաստան

Հեղափոխությունը հեշտ է, փոփոխությունն է դժվար. Նիկոլ Փաշինյան

«Նախագծով առաջարկում ենք թվայնացնել տրանսպորտային միջոցի առուվաճառքի, նաև սեփականության իրավունքի փոփոխության հետ կապված գործընթացները»,-գործադիրի նիստում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ զեկուցելով  կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որփոփոխությամբ առաջարկվում է տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և հաշվառումն ամբողջությամբ թվայնացնել՝ նախատեսելով նաև անձի ցանկությամբ թվային հաշվառման վկայագիր ունենալու, հաշվառման համարանիշերը չփոխարինելու, իսկ դրանց փոխարինելու դեպքում փոստային առաքմամբ դրանք ստանալու հնարավորություններ։

Ըստ նախարարի՝ քաղաքացին կարող է ամբողջովին ազատվել  ՆԳՆ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելելու անհրաժեշտությունից։

Սարգսյանը բացատրեց, որ երբ քաղաքացին ուզում է առուվաճառքի առարկա դարձնել իր տրանսպորտային միջոցը, հարթակով ընտրում է այն տրանսպորտային միջոցը, որը պետք է վաճառի, որից հետո ինքնաշխատ եղանակով կազմվում է առուվաճառքի պայմանագրի նախագիծ: Նախագծում վաճառողից ընդամենը պահանջվում է ֆիքսել, թե տրանսպորտային միջոցն ինչ գնով է վաճառվում:

«Ըստ այդմ՝ համակարգն ինքնաշխատ եղանակով ստուգում է՝ արդյոք տվյալ տրանսպորտային միջոցն ունի՞ հետախուզումներ, թե՞ չունի հետախուզումներ, արդյոք ունի՞ համասեփականատերեր գրանցված, թե՞ չունի, եթե կա համասեփականատեր, բնականաբար, վաճառողը պետք է նաև կցի նրանց տված համաձայնությունը՝ առուվաճառքը ձևակերպելու: Ըստ այդմ՝ ինքնաշխատ եղանակով գեներացվում է պայմանագիր, որը էլեկտրոնային ստորագրությամբ քաղաքացին հնարավորություն ունի ստորագրելու և թողնելու համակարգում: Երբ որ պայմանագիրը գեներացվում է, համակարգն ավտոմատ կերպով առաջարկն ուղարկում է գնորդին: Գնորդը ևս, եթե համաձայն է առաջարկին, ստորագրում է պայմանագիրը, և առուվաճառքի տրամաբանությամբ գործարքը համարվում է կնքված, և մենք կարողանում ենք հարթակի միջոցով ավտոմատ կերպով սեփականության իրավունքի փոփոխությունը ևս իրականացնել»,-բացատրեց Արփինե Սարգսյանը: 

Հայտնելով որ թվային լուծումներն արդեն իսկ գրեթե պատրաստ են՝ նախարարն ասաց, որ առաջարկում են կարգավորումներն ուժի մեջ դնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, որից հետո քաղաքացիները կկարողանան այս պրոցեսներն իրականացնել բացառապես թվային եղանակով, թվային հարթակում՝ չայցելելով հաշվառման քննական ստորաբաժանումներ՝ գործարք կատարելով նույնիսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին։  

Արփինե Սարգսյանը բացատրեց, որ վարկով տրանսպորտային միջոց է անձը ձեռք բերում, ֆինանսական կազմակերպությունը, գրավի իրավունքը պետք է գրանցի ՆԳՆ-ում:

«Սա ևս ենթադրում է այցելություն հաշվառման քննական ստորաբաժանում, գրանցում, և, որպես կանոն, ֆինանսական կազմակերպությունները ֆիզիկական անձին տալիս են լիազորագիր, որպեսզի նա այցելի և իր շահերից բխող գործարքը գրանցի հաշվառման քննական ստորաբաժանումում: Հարթակում սա լինելու է ինքնաշխատ եղանակով: Պայմանագրի հիման վրա ընդամենը հայտ ենք ստանում ֆինանսական կազմակերպությունից, որպեսզի կարողանանք գրավի իրավունքը ձևակերպել մեր կադաստրում: Նույնը նաև լիզինգի մասին է»,-Սարգսյանը: 

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հավելեց. «Հեղափոխությունը հեշտ է, փոփոխությունն է դժվար»: 

Նշելով որ Էրէբունի վարչական շրջանի ավոտշուկայում վերջին տարիներին ոչինչ չի փոխվել, Փաշինյանը հայտարարեց.

«Եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից 7 տարի անց մենք դարձել ենք կոնֆորմիստ, և ես սրա հետ պրոբլեմ ունեմ, և հույս ունեմ՝ բոլորդ էլ պրոբլեմ ունենք: Այստեղ է մեր կոնֆորմիզմը: Զուգահեռ, անարդար էլ չլինեմ մեր նկատմամբ՝ մենք որոշումներ էլ ենք կայացրել։ Ամեն ինչ միանգամից չենք կարող փոխել: Սրանք մտքեր են, ես ուզում եմ՝ այս մտքերը հնչեն, կիսվենք էս մտքերով, որ չստացվի՝ մենք էս ամեն ինչը չենք տեսնում. տեսնում ենք, խորանում ենք, հասկանում ենք, բայց նաև ինչքան խորանում ենք, այնքան պրոբլեմներ են ի հայտ գալիս: Թվում է, որ մի պարզ հարցը, որ պետք է մեկ-երկու նախադասություն ասել, և փակվի, տեսեք՝ ինչքան շերտեր բացահայտվեցին։ Չասացի՝ բա ո՞ւր է նայում ՊՎԾ-ն»,-հայտարարեց Փաշինյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հեղափոխությունը հեշտ է, փոփոխությունն է դժվար. Նիկոլ Փաշինյան