Ինչո՞ւ են աղմկում Պուշկինի անվան դպրոցում
Կրթություն, գիտություն
13:01 08/05/2025
Հայաստան

Ինչո՞ւ են աղմկում Պուշկինի անվան դպրոցում

Կենտրոնում գործող Պուշկինի անվան դպրոցում այսօր առավոտից քաոս է։ Աշակերտները, նրանց ծնողները, ուսուցչական անձնակազմը դուրս են եկել միջանցքներ՝ իրենց աջակցությունը հայտնելու դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանին։

Նրանք պնդում են, որ տնօրենին քաղաքապետարանից ուզում են ազատել ավարտական այս փուլում, քննական շրջանին ու եռուզեռին ընդառաջ։

«Ինչի՞ նման բան կարելի է։ Մոլորված ենք, զարմացած, զայրացած։ Մենք սիրում ենք մեր դպրոցը, պայքարելու ենք ինչպես կարող ենք»,-հայտարարեց դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Աննա Ալբերտովնան։

«Հետ բերեք հին անձնակազմին» թղթի վրա գրել են ու ստորագրություններ հավաքել միջին դպրոցի մի քանի աշակերտներ՝ միանալով բողոքի ակցիային։

Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում, անդրադադառնալով դպրոցում ստեղծված իրավիճակին, ասաց՝ խնդրին ծանոթ են։

«Երկուշաբթի օրվանից տնօրենի պարտականություններն իրականցնողը պարտավորվել է պատշաճ պրոցես կազմակերպել, բաց թողած դասերը լրացնել։ Նշանակված տնօրեն չկա դպրոցում, կա պարտականությունները կատարող, որը տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալներից մեկն է։ Ընթանում է մրցույթային գործընթաց»,-նշեց քաղաքապետարանի պաշտոնյան։

Նրա խոսքով, մրցույթին մասնակցել է տնօրենի պաշտոնի մեկ հավակնորդ, որը Պուշկինի անվան դպրոցի տնօրենն էր՝ Նատալյա Ստեփանյանը։

«Դպրոցի նախկին տնօրենը երեկ հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։ Բայց սա չի նշանակում, որ նոր մարդ է նշանակվում, նոր ժամանակավոր պաշտոնակատար և այլն։ Դա բացարձակ սուտ է, ոչ մի նման  պլան, ցանկություն ու անհրաժեշտություն չկա։ Պարտականությունները կատարող, ինչպես նաև տնօրեն նշանակում կամ ազատում է  Երևանի քաղաքապետը։ Ես կոռեկտության կոչ եմ անում այդ դպորցի ուսուցիչներին, ծնողներին, այդ լուրերն ուղղակի թող անտեսեն, որոշում կայացնողից առաջ չընկնեն, ենթադրություններ չանեն»,-ասաց Մ. Խաչատրյանը։

Նա վստահեցրեց, որ մինչ այս պահը դպրոցում այլ տնօրեն բերելու ցանկություն, առիթ, գաղափար չի եղել ու չկա։

«Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ, ասում եմ, որ դրա ոչ ցանկությունը, ոչ նպատակը չկա։ Դպրոցի տնօրենի տեղակալը շարունակելու է մնալ տնօրենի պարտականությունները կատարող»,-ընդգծեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ են աղմկում Պուշկինի անվան դպրոցում