«Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». Ոստիկանությունում փսխելու աստիճան ծեծել են քաղաքացուն
Իրավունք
12:33 12/05/2025
Հայաստան

«Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». Ոստիկանությունում փսխելու աստիճան ծեծել են քաղաքացուն

Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները հենց իր տանը ծեծի են ենթարկել քաղաքացի Սերգեյ Աբրահամյանին։

«Մի խումբ ոստիկաններ ներս են մտել, պառկացրել գետնին ու կանդալել, ես ասում եմ, ինչի՞ եք կանդալում, ես գալիս եմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմաը պատմում է քաղաքացին ու մանրամասնում, սկոչել են ոտքերը, բերանը։

Այնուհետև նրան տեղափոխում են  ոստիկանություն, այնտեղ ծեծում են, ինչի հետևանքով տղամարդը փսխում է։ Միայն դրանից հետո ոստիկաններից մեկն ասում է.  «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք»։

Ս. Աբրահամյանը խնդրել է շտապ օգնություն կանչել, սակայն ասել են՝ գնա տուն, տնեցիք կկանչեն։ Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ներկայացրել տեղի ունեցածը։

Իսկ այս ամենը հետևել է այն բանին, երբ նախորդ օրը՝ապրիլի 28-ին Ս. Աբրահամյանը քնած է մնացել ու չի հասցրել ժամանակին՝ ժամը 10։30-ին  ներկայանալ Արամավիրի քննչական բաժանմունք, արթնանալուն պես, ըստ իրեն, զանգահարել է ոստիկանություն, ներկայացրել է իրավիճակը։ Ոստիկանությունից ասել են՝ կարող է ավելի ուշ ներկայանալ՝ ժամը 16։00-ին։ Ներկայացել է, բայց չեն ընդունել։

«ՄԻՊ գրասենյակին անմիջապես ներկայացրել եմ, քանի որ նախկինում էլ՝ 2021-ին տարել ծեծել են»,-ասաց քաղաքացին։

Ասուլիսին մասնակից բռնության ենթարկված Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, նայել են տեսանյութերը, այն համոզման է, որ ոչ միայն խոշտանգման տարրեր կան, այլև արժանապատվությունը նվաստացնող։

«Որևէ պատճառ չի եղել անձին բռնության ենթարկելու։ Տուժողը նշում է, թողեք, կգամ։ Այդ տեսանյութերը նկարել է կինը, պատկերացրեք՝ ինչ բռնություններ են եղել ոստիկանության բաժանմունքում»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ խոշտանգման հատկանիիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։

«Անպատժելիություն է, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս բռնությունները ոստիկանների կողմից»,-ասաց Ա. Ղարագյոզյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». Ոստիկանությունում փսխելու աստիճան ծեծել են քաղաքացուն