ԹելՍելի տերմինալով քաղաքացին չի կարողացել լիցքավորել հաշիվն ու երթևեկել. Ընկերությունից ասում են՝ խնդիրը բանկինն է
Իրավունք
14:38 12/05/2025
Հայաստան

ԹելՍելի տերմինալով քաղաքացին չի կարողացել լիցքավորել հաշիվն ու երթևեկել. Ընկերությունից ասում են՝ խնդիրը բանկինն է

Այսօր առավոտյան Panorama.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին բողոքեց՝ ԹելՍելի աշխատանքի պատճառով չի կարողացել օգտվել տրանսպորտից, ինչի հետևանքով ուշացել է աշխատանքից։

Նա իր տան մոտ գտնվող ԹելՍելի տերմինալից լիցքավորել է հաշիվը, որպեսզի մետրոյի Բարեկամություն կայարան հասնելուն պես հեռախոսով QR կոդ գնի։ Քաղաքացին հասել է տեղ, բայց գումարը դեռ իր հաշվին չի նստել, հետևաբար տոմս գնել չի կարողացել։

«Ես ցույց եմ տալիս Մետրոպոլիտենի աշխատակցին, որ այսինչ ժամին լիցքավորել եմ հաշիվս, սակայն դեռ գումարը չի նստել, խնդրում եմ ոչ իմ պատճառով առաջացած խնդրի դեպքում ընդառաջել, թողնել ես անցնեմ։ Պատասխանում է՝ իմ գործը չէ, մենք ԹելՍելի հետ կապ չունենք, անցմնել թույլ չեմ կարող տալ»,-պատմում է քաղաքացին։

Նա զանգահարել է ԹելՍել, պատասխանել են՝  խնդիրներ կան։ Քաղաքացին ստիպված է եղել դուրս գալ Մետրոյի կայարանից, տևական ժամանակ սպասել, մինչև գումարը կնստի հաշվին։ Հետո արդեն օգտվել է ավտոբուսից։

«Տեսեք, թե ինչի է բերում այս ոլորտում մենաշնորհը։ Պիկ ժամին ես ու իմ նման շատերը չէինք կարողանում լիցքավորել հաշիվը։ Ժամանակին տանից դուրս եմ եկել, բայց արի ու տես  քաղաքային իշխանության, մասնավոր ընկերությունների մեղքով ուշացել եմ աշխատանքից։ Ու երաշխիք էլ չկա, որ խնդիրը վաղը կամ երեկոյան տուն գնալիս չի կրկնվի»,-ասաց քաղաքացին։

Panorama.am-ը զանգահարեց ԹելՍել ընկերություն՝ հասկանալու, թե ինչ խնդիր է, եղել։

Ընկերության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանն ասաց, կարճատև խնդիրը եղել է ոչ թե իրենցը, այլ «Էվոկա» բանկինը։

«Եթե սովորաբար նման խնդիր է լինում, քաղաքացին կարող է տերմինալից գնել QR կոդը, հետո մենք իր հաշվին կնստացնենք»,-ասաց նա։

Ի դեպ,  ԹելՍել ընկերություն զանգահարած քաղաքացուն այս լուծումը չեն առաջարկել։ Հետաքրքիր է՝ ո՞ր քաղաքացին կընկնի դռնեդուռ 150 դրամի փոխհատուցման համար ու ի՞նչ ապացույցներ կպահանջեն նրանից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԹելՍելի տերմինալով քաղաքացին չի կարողացել լիցքավորել հաշիվն ու երթևեկել. Ընկերությունից ասում են՝ խնդիրը բանկինն է