Հաշմանդամություն ստանալն է գնում դեպի «թանկացում». Ծաղիկ Վարդանյան
Առողջություն
18:00 13/05/2025
Հայաստան

Հաշմանդամություն ստանալն է գնում դեպի «թանկացում». Ծաղիկ Վարդանյան

«Դեռ բուժաշխատողի անհատական լիցենզիայի վերաբերյալ օրենքի դրույթները ուժի մեջ չեն մտել, շտապում և բժիշկներին լիցենզիայից զրկելուց են խոսում»,-ահազանգում է  բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանը։

Նա մանրամասնում է.

««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային Ժողովում առաջին ընթերցմամաբ արդեն ընդունվել է, դրան զուգահեռ ներկայացվել և ընդունվել է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ավելի հստակ և պարզ ներկայացնեմ.

ՀՀ կառավարիչները որոշել են ուղղիչ/պատժիչ միջոցառումների խումբ կիրառել անձի ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգերին մասանակից բուժաշխատողների, ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովների անդամների՝ փորձագետների նկատմամբ:

Միանաշանակ է, որ անձի ֆունկցիոնալության գնահատման, հաշմանադամության, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանին վերաբերվող ընթացակարգերը բարդացվել են, պահանջները շատ են, տպավորություն է, որ ամեն ինչ արվում է հնարավորինս քիչ թվով անձանց ճանաչել հաշմանդամություն ունեցող: Սակայն իրականում COVID-19 համավարակից, 44-օրյա պատերազմից հետո հայաստանցիների առողջական վիճակը և՛ հանրային առողջապահական առումով, և՛ անձի առողջության մասով չի կարող լինել անգամ բավարար: Մահերի բացարձակ թիվը 2023 թվականի համեմատ 2024թվականին աճել է 1263-ով կամ 5,1 %-ով, բնակչության թվի նույն ցուցանիշի պայմաններում: ՀՀ-ում լաբորատոր-ախտորաշիչ կենտրոնները սնկի պես աճում են և այդ հիմնարկները քաղաքացիների դիմելութան քիչ լինելուց չեն բողոքում, որը անուղղակի խոսում է ընդհանուր առմամբ հիվանդացության ցուցանիշի բարձրացման մասին: Իսկ ԱԱՊ օղակում հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման աշխատանքների փոխարեն զարկ է տրված գրագրությանը, ԱՐՄԵԴ համակարգ տեղեկատվության ամենօրյա ներանցմանը և նման օֆիսայի հարցերի: Տպավորություն է, որ ՀՀ քաղաքացու առողջական վիճակը ոչ մեկին հետաքրքիր չէ:

Հիվանդությունների կանխարգելման այսչափ ցածր մակարդակում, բնականաբար հաշմանդանության համար դիմելությունը մեծ է լինելու, որը շոշափելի բեռ է պետության համար:

Այս իրավիճակում ՀՀ կառավարությունը «գտել է» հերթական զսպման գործիքը՝ տեսչական մարմինը դիտարկում է անելու և պատժելու է քաքաքացուն հաշմանդամություն «տվող» բժիշկներին, փորձագետներին: Այս անգամ տույժը կլինի բժշկին անհատական լիցեզիայից, իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին՝ հավաստագրից զրկելու ձևով: Իհարկե, գումարած նաև վարչարարություն՝ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տարբեր չափերով:

Առաջին հայացքից, թվում է, թե խստացնում են, կարգավորում են, վերահսկում են և այլն:

Սակայն հաշվի առնելով, որ տեսչական մարմինը չունի բժշկական օգնության որակի վերահսկման գործիքակազմ, հասկանալի է, որ «խախտում» ասածը, որի համար պատժվելու է բուժաշխատողը լինելու է օրինակ գրագրության ժամանակային հարցեր, ոչ ճիշտ լրացրած տող ուղեգրում և այլ նման բաներ: Իրականության մեջ այս տեսակի վերաբերմունքը բերելու է ԱԱՊ բժշիշների կողմից խուսափողական վարքագծի ձևավորման, որի արդյունքում «հաշմանդամություն տվողների» մենաշնորհ է ձևավորվելու: Արդյունքում սիրելի ԲԿ-ների սիրելի բժիշկներով այս գործերը գլուխ են բերելու:

Ինչպես վերջին տարիների ռազմաբժշկական փորձաքննության՝ զինվորական ծառայության պիտանիության փորձաքննության «բարեփոխումների» արդյունքում զորակոչի ժամանակ «պիտանի չէ»-ն մի քանի անգամ «թանկացել է», հիմա էլ հաշմանդամություն ստանալն է գնում դեպի «թանկացում»:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, մարզային հիվանդանոցները ԱՆ ենթակայության բերելու փոխարեն կարելի էր օրինակ ՝ ՀՀ -ում բժշկասոցիալական, ռազմաբժշկական, դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական, թունաքիմիական փորձաքննությունների հետ կապված մոտեցումները, գործիքները ինֆրաստրուկտուրանները իրականում բարեփոխել:

Ավելի մանրամասն կներկայացնեմ տեսանյութով։

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հաշմանդամություն ստանալն է գնում դեպի «թանկացում». Ծաղիկ Վարդանյան