Հայաստանի բնակչության գրեթե 1/4-ը աղքատ է. Հենց Փաշինյանի մեղավորությունն է, որ աղքատությունը չի նվազում, մի բան էլ խորանում է
Քաղաքական
12:29 13/05/2025
Հայաստան

Հայաստանի բնակչության գրեթե 1/4-ը աղքատ է. Հենց Փաշինյանի մեղավորությունն է, որ աղքատությունը չի նվազում, մի բան էլ խորանում է

«Հատիկ առ հատիկ» թալանի վերադարձի մասին պատմող Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին աղքատությունն այդպես էլ չի կրճատվում։ Ապօրինի գույքի վերադարձից միլիոնավոր դրամներ ստացած, արտաքին պարտքը միլիարդավոր դոլարներով ավելացրած կառավարությունը գրեթե չի կրճատել Հայաստանում աղքատների թիվը, ավելին իրեն պատասխանատու էլ չի համարում բարեկեցության բարձրացման համար՝ հայտարարելով, եթե մարդը ուզում է լավ ապրել, պետք է աշխատի, և որ աղքատությունը մարդկանց գլուխներում է։

Պաշտոնական վիճակագրության  համաձայն, Հայաստանում 2023-ին ոչ աղքատ է բնակչության 57.4 տոկոսը, ըստ վերին գծի աղքատ է բնակչության 42. 6 տոկոսը, չափավոր աղքատ է 9.7 տոկոսը, ծայրահեղ աղքատ՝ 1.1 տոկոսը։

Ծայրահեղ աղքատ է համարվում այն մարդը, որի ամսական եկամուտը ցածր է  29 786 դրամից։ Չափավոր աղքատ է այն մարդը, որի ամսական եկամուտը կազմում է 43 036 դրամից պակաս։ Որպես աղքատության վերին գիծ սահմանված է 64 146 դրամը։

2018-ին, երբ Փաշինյանը եկավ իշխանության, աղքատությունը կազմում էր 23.5 տկոս, դրանից հետո, չնայած մեթոդաբանության փոփոխությանը, աղքատությունը սկսեց աճել՝ 2019-ին հասնելով 26.4 տոկոս, 2020-ին՝ 27 տոկոս, 2021-ին՝ 26.5 տոկոս, 2022-ին՝ 24.8, 2023-ին՝ 23.7 տոկոս։ 



Տնտեսագետ, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Panorama.am-ի  հետ զրույցում համոզմունք է հայտնում՝  երկրում աղքատ է բնակչության մոտ կեսը։

«Իրականում աղքատությունն ավելացել է, ոչ թե նվազել է։ Ցուցանիշների նվազմանը նպաստել է 2019-ին մեթոդաբանության փոփոխությունը։ Ես համարում եմ, որ աղքատությունը պետք է գնահատվի վերին գծով, այսինքն, այն մարդիկ, որոնք ունեն է 64 146 դրամից քիչ եկամուտ, համարվում են աղքատ, քանի որ դա սպառողական նվազագույն զամբյուղից էլ քիչ գումար է»,-ասաց նա։



Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը  ցավով է փաստում՝ անցած յոթ տարիների քաղաքականությունը էական փոփոխություն չի բերել աղքատության նվազման մասով։

«Նույնիսկ պաշտոնական տվյալներով ներկայացրած նվազումը չի կարելի էական համարել, աղքատությունը 25 տոկոսի շրջանակում է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հաշվի առնելով բարձր գնաճը՝ տնտեսագետն այն կարծիքին է, որ աղքատության էական կրճատում առաջիկայում էլ չի լինի։

«Վերլուծությունը ցույց է տվել, որ աղքատության մակարդակում գտնվող ընտանիքները գրեթե չեն փոփոխվում, Հայաստանում կա ժառանգական աղքատություն, այսինքն երբ երեխաները դառնում են չափահաս, իրենք են շարունակում լինել աղքատության կրողը, հետևաբար այո, տնտեսական փոփոխությունները հաճախ կտրված են այս սեգմենտից, կարող է լինել տնտեսական աճ, աշխատավարձերի բարձրացում, բայց այս ցածր խմբի ուղղությամբ առանձին քաղաքականություն պետք է վարվի»,-ասաց տնտեսագետը։

Մինչ իշխանության գալը՝ 2018 թվականի հունվարին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում էր 2.6 տոկոսանոց գնաճից ու հեգնում.  «Կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք, ժողովուրդ ջան, ինչ է եղել, որ, գիտությունը գիտե՞ք երբ պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտեք վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, խոզի միսը թանկացել է՝ սխտոր կերեք, բենզինը թանկացել է՝ բրդեք ձեր ավտոները, թևներումդ ուժ չկա՞, համ էլ ֆիթնես է»:

ԱՎԿ հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2025-ի առաջին եռամսյակում  2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2.5 տոկոս, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 2.7 տոկոս։

Հիմա Փաշինյանն իշխանություն է, սնվելու հետ կապված խորհուրդներ չի տալիս, միայն մեղադրում է՝  աղքատությունը մարդկանց գլխում է։

Նաիրի Սարգսյանը հակադարձում է Փաշինյանին՝ շատ մարդկանց գիտի, որոնք  բարձրագույն կրթություն ունեն, մեկից ավելի մասնագիտություն, բայց իրենց մասնագիտությամբ չեն աշխատում կամ ընդհանրապես չեն աշխատում։

«Մինչդեռ կառավարության անդամներ կան, որոնք առանց նման կրթության ստանում են տասնապատիկ ավելի աշխատավարձ։ Սա այն կարևոր ցուցիչն է, որ աղքատությունը մարդկանց գլխում չէ, իրենց գլխում է։ Աղքատությունն այն կառավարության գլխում է, որը գտնում է, որ մարդկանց նվազագույն կենսապայմաններով ապահովելն իր պարտականությունը չէ։ Նույնիսկ նման դեպքերում չենք ասում՝ աղքատությունը նրանց գլխում  է, ասում ենք՝ նրանց գլուխը սնանկ է»,-ընդգծեց տնտսեագետը։

Մեսրոպ Առաքելյանն էլ ընդգծեց՝ մարդկանց մեղադրելու Փաշինյանի վարքագիծն արդեն հայտնի է, յուրաքանչյուր խնդրի մեջ գտնում է 1-2 օրինակ ու պրոյեկտում բոլորի վրա։

«Կարող է լինել 1-2 մարդ, որ չի ցանկանում աշխատել, իհարկե, կան նման ընտանիքներ, բայց ասել, որ աղքատության մեջ ապրող բնակչության 25 տոկոսն ունի նման վարքագիծ, այդպես չէ։ Աղքատության խնդիրները միայն աշխատանքով չեն պայմանավորված, այդ ընտանիքները խնդիրները նաև  կացարանային պայմանների բացակայությունն է, կրթության ու առողջապահության ծառայությունների հասանելիության հետ կապված, ընտանիքներ կան, որտեղ հաշմանդամութուն ունեցող անձինք կան, իսկ դա նաև սահմանափակումներ է առաջացնում ընտանիքի այլ անդամների մոտ, երբ տանը կա հաշմանադամություն ունեցող ծնող, ենթադրենք, զավակը չի կարող աշխատել։ Աղքատության մեջ գտնվող ընտանիքների գերակշռող մասն ունի խնդիրներ, որը ամենևին աշխատանքով կամ եկամուտ ապահովելով հնարավոր չէ լուծել, պատկերավոր ասած, կան խորքային խնդիրներ, որոնք մեկ անգամ պետք է լուծվեն՝ օրինակ կացարանային խնդիրը։ Ընդ որում, նրանց խնդիրներին պետք է տրվեն անհատական լուծումներ»,-մանրամասնեց նա։

Երկրում աղքատության բարձր մակարդակի թիվ մեկ պատճառը Նաիրի Սարգսյանը համարում է վատ կառավարիչ ունենալը։

«Եթե պետության կառավարիչն ասում է՝ աղքատության պատճառը ձեր մեջ փնտրեք, նշանակում է, որ ինքը դրա համար որևէ պատասխանատվություն չի ստանձնում։ Մինչդեռ աղքատության մակարդակի նվազումը, եթե ոչ վերացումը պետության ուղիղ գործառույթն ու խնդիրն են։ Պետությունը պարտավոր է արժանապատիվ աշխատանքով ապահովել քաղաքացիներին կամ նվազագույնն այդպիսի դաշտ ստեղծել աշխատատեղերի ստեղծման ու ապահովման համար։ Հենց Փաշինյանի մեղավորությունն է, որ աղքատությունը չի նվազում, մի բան էլ խորանում է Փաշինյանի կառավարման պատճառով, քանի որ տեղի է ունենում շարունակական գնաճ։ 2018 թվականից, միջին գնաճը եղել է 25 տոկոսի շրջանակում, բայց առավել կարևոր ապրանքներ, որոնք ամենօրյա սպառման են՝ մակարոնեղեն, բրինձ, հաց, ալյուր և այլն  30-40 նույնիսկ 75 տոկոսով թանկացել են։ Մարդկանց նպաստները, կենսաթոշակները, աշխատավարձերը բավարար չափով չեն ավելացել, իսկ ծախսերն անընդհատ ավելացել են։ Իսկ սա չի կարող չհանգեցնել աղքատության խորացման»,-ամփոփեց տնտեսագետը։

Փաշինյանի նախկին թիմակից Մեսրոպ Առաքելյանը վստահ է, որ աղքատության հաղթահարման միջոցներն ու առկա ռեսուրսները  Հայաստանի կառավարությունն արդյունավետ չի կիրառում։

«Աղքատության 25 տոկոս ցուցանիշը շատ վատ ցուցանիշ է, և չենք կարող ասել, որ աղքատության 1-2 տոկոսի նվազումը բան է փոխել։ Էլ չեմ խոսում ծայրահեղ աղքատության մասին, դա նշանակում է, որ բնակչության 1.1 տոկոսը՝ ավելի քան 30 հազար մարդ սննդի կարիք ունի։ Աղքատության կրճատման ուղղությամբ, կրկնեմ, և ռեսուրսներ, և գործիքներ կառավարությունն ունի, բայց արդյունավետ չի կիրառում։ Մեղքը բարդել աղքատների վրա, ասել՝ վատ եք սովորել վատ ապրեք, հարցի լուծում չէ, պետք է կառավարությունը մոտիվացնի, ամեն բան անի, որ առավելագույն շատ ընտանիքներ դուրս գան աղքատության ճիրաններից»,-ասաց տնտեսագետը։

Նա ընդունում է՝ այո, կան մարդիկ, որ ունեն վատ վարքագիծ, չունեն հմտություններ, կրթություն, գիտելիք, բայց իրենց այդ վարքագիծը փոխանցվում է երեխաներին, որոնք մեղավորություն չունեն, երեխաների աղքատության հաղթահարումը պետք է լինի պետության առաջնահերթություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի բնակչության գրեթե 1/4-ը աղքատ է. Հենց Փաշինյանի մեղավորությունն է, որ աղքատությունը չի նվազում, մի բան էլ խորանում է