Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ո՞ւր են այդ հիմքերը, թե ինչու են մերժվել 18 դատապարտյալների խնդրագրերը. Իրավապաշտպանները հաշտ չեն որոշման հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մերժել է 18 դատապարտյալի ներման խնդրագրերը։ Դրանց քաղվածքները հրապարակվել են արդարադատության նախարարության կայքում։
«Անձը պետք է իմանա իր վերաբերյալ կայացրած որոշման իրավական փաստական հիմքերը։ Սա վերաբերում է ոչ միայն մերժման դեպքերին, այլև այն պարագայում, երբ բավարարվում է հայցը, խնդրանքը, դիմումը»,-«Մեդիա կենտրոն»-ում «Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ»․ 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Անի Չատինյանը։
Նա ընդգծեց, անձին պետք է հայտնի լինի այն հիմնավորումը, որով իրեն որոշակի իրավունքներից ու արտոնություններից զրկում են։
Անի Չատինյանի խոսքով, խնդրագրերի բավարարման գործում նշանակալի է տուժողի կարծիքը, ահա հենց այս փուլում է, որ իրավապաշտպանները բախվում են մեծ խնդրի, քանի որ տուժողները շատ դեպքերում չեն ներում դատապարտյալին։
«Բայց տուժողի կարծիքով չպետք է պայմանավորված լինի դատապարտյալի իրավունքի իրացումը։ Նույնիսկ ցմահ դատապարտված անձինք պետք է ունենան իրական հնարավորություն, վերադառնալու հասարակություն»,-ասաց նա։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այս հարցում շատ կարևորվում են պրոբացիոն ծառայության, ՔԿՀ-ի բնութագրերը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են դրսևորել այդ անձինք անազատության մեջ։
«Ո՞ւր են այդ հիմքերը, թե ինչու են մերժվել։ Չկա՞ր այդ 18-ից գոնե մեկը, որին ՔԿՀ ղեկավարությունը նորմալ բնութագիր կտար, կամ Պրոբացիոն ծառայությունը։ Դատապարտյալներն իրենք ներսում ամեն բան անում են միավորներ հավաքելու համար, միջոցառումների են մասնակցում և այլն։ Սա համարում եմ քաղաքական որոշման արդյունք, սա ոչ մարդասիրական մոտեցում է»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Նա ընդգծեց, եղել է դեպք, երբ սպանությունների համար ազատազրկվածին ներել են երեք տուժողները, սակայն չի ներել պետությունը։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Նինա Կարապետյանցը կարծում է, որ նախագահի աշխատակազմում չեն էլ խորացել, հետաքրքրվել խնդրագրերով դրանք մերժելիս։
«Մինչդեռ մարդը պետք է հասկանա խաղի կանոնները, հասկանա, որտեղ է ինքը սխալվել, ինչ պետք է անի, որ կարգավիճակի փոփոխություն ունենան»,-ասաց Կարապետյանցը։
Նա այն համոզման է, որ 20-25 տարվա ազատազրկումից հետո նույնիսկ ցմահ ազատազրկվածներին պետք է կյանք վերադառնալու հնարավորություն տրվի, և դա պետք է անի պետությունը՝ չթողնելով տուժողի վրա։
«Դրա համար մենք ունենք պետություն, այլապես մենք մեր հարցերը կլուծեինք էլի։ Ոչ մի օղակ չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվությունը, դե դատախազությունը մնացել է հին սովետական մտածողության մեջ»,-ասաց նա։
Կարապետյանցը հիշեցրեց, որ շատ դատապարտյալներ ազատազրկվել են 90-ականներին, երբ չկար արդարադատություն, իսկ քրեական գործերի նյութերն ուղղակի չկան։