Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳՄՍ փոխնախարարը Մերձավանի դպրոցի միջադեպի ու Մխչյանի դպրոցում աշակերտներին թմրանյութ տալու դեպքի մասին
«Անթույլատրելի ու դատապարտելի է որևէ ուսուցչի հանդեպ նման վերաբերմունքը։ Առհասարակ, դպրոցն այն միջավայրն է, որտեղ ցանկացած տիպի բռնություն անթույլատերլի է, առավելս ևս այն անթույլատելի է ուսուցչի հանդեպ»,- ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։
Նա ընդգծեց, որ ծնողները պետք է հստակ գիտակցեն ուսուցչի դերն իրենց երեխայի կյանքում, որևէ մեկն իրավունք չունի որևէ ուսուցչի հետ իրեն նման կերպ պահել։
«Բնականաբար, դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է, բայց միայն տնօրենի պարտականությունները կատարողին այդ պարտականություններից կատարումից զրկելով հարցը չի լուծվում։ Խնդիրը շատ խորքային է, այդ երեխաները, ծնողները, որոնք հարցերը նման ձևաչափով բարձրացնում էին, մեկ օրվա արդյունք չէ։ Ռիսկ կա, որ նման իրավիճակ ունենք այլ դպրոցներում»,- ասաց փոխնախարարը։
Արաքսիա Սվաջյանն ասաց, որ իրենք ուսումնասիրել են ուսուցչի վարքը, նաև տեսանյութերից է պարզ երևում, որ թեև հունից դուրս եկած, հունից դուրս հանող մեկնաբանություններով էին դիմում ուսուցչին, նա իրեն պահնում էր հավասարակշիռ։
«Անկախ նրանից, ուսուցիչն ինչպիսի վարք դրսևորած կլինի, ուսուցչի հետ խնդիրները պարզելու ձևաչափը դա չէ։
Ամեն օր ստանում ենք բռնությունների, բուլինգի վերաբերյալ դեպքերի մասին տեղեկություններ, երբեմն նաև ուսուցիչների կողմից, բայց որևէ մեկը չի թույլատրում որևէ մեկին ուսուցչի հետ նման կերպ վարվել։ Դրա համար կան համապատասխան կառույցներ»,- ասաց նա։
Պատասխանելով Մխչյանի դպրոցում տեղի ունեցած դեպքին, երբ, ըստ գյուղի բնակիչների, բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, ու ընդհանրապես դպրոցականների շրջանում թմրանյութերի շրջանառության մասին, Սվաջյանն ասաց, որ բոլոր դեպքերն ուսումնասիրվում են թե իրենց, թե լիրազոր մարմինների կողմից։
«Մեզ դպրոցականների շրջանում թմրանյութերի կիրառման, շրջանառության հարցը շատ է մտահոգում։ ՆԳՆ մեր գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք մի քանի գործիքակազմեր, որոնք կարող են օգնել դպրոցներում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնենք»,- ասաց Ա.Սվաջյանը։ Որպես մեկ գործիքակազմ նշեց, որ նախատեսվում է ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել։