Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է։ Այս տարի, Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովին ընդառաջ, այն բարձրաձայնում է ընտանիքներին աջակցող քաղաքականությունների կարևորության մասին, որպես «Կայուն զարգացման նպատակների օրակարգ 2030»-ին հասնելու կարևոր միջոց։
«Ընտանեկան աջակցության համապարփակ և լավ մշակված քաղաքականություններն իրենց դրական ազդեցությունն են ունենում ոչ միայն անհատների, ընտանիքների, մասնավոր հատվածի վրա, այլև ընհանրապես հասարակությունների վրա և ամրապնդում են երկրների կարողությունները՝ դիմակայելու ժողովրդագրական փոփոխություններին»,- ասել է ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը,- «Այդ քաղաքականություններն առանցքային ճանապարհներ են, որոնք օգնում են ավելի ներառական, իսկապես արդար, դիմակայուն և, ի վերջո, ավելի բարգավաճ հասարակություններ կառուցել»:
ՄԱԲՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ուսումնասիրության համաձայն՝ կանանց, տղամարդկանց և երեխաներին աջակցող քաղաքականությունների բացակայությունը հանգեցնում է զգալի սոցիալ-տնտեսական ծախսերի։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում խնամքի և տնային աշխատանքների հիմնական պատասխանատուն շարունակում են կանայք լինել։ Արդյունքում, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանայք զգալիորեն ավելի շատ ժամանակ են ծախսում չվճարվող խնամքի վրա, քան տղամարդիկ, երբեմն՝ հինգ անգամ ավելի։ Եվ հաճախ կանայք կանգնում են աշխատանքի և ընտանիք կազմելու միջև ընտրության առջև: Համապատասխան ռազմավարությունների պակասի արդյունքում կանայք չեն կարողանում իրացնել իրենց ողջ ներուժը, ինչն էլ հանգեցնում է տնտեսական արտադրողականության նվազման և տնտեսության ընդհանուր աճի դանդաղման:
«Կարևոր է, որ ընտանիքի ստեղծման և կայացման բոլոր փուլերում պետությունը համակողմանի աջակցություն տրամադրի, որպեսզի երեխա ունենալու և երեխաների թվի վերաբերյալ որոշումներն ամբողջությամբ կախված կլինեն անհատների կամքից և չսահմանափակվեն կրթության, աշխատանքի կամ զարգացման այլ հնարավորությունները բաց թողնելու անհանգստությամբ»,– նշում է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։