«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից
Օրվա մամուլ
08:25 17/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով, Խաղաղության պայմանագրի տեքստում տեղ է գտել մոտավոր այնպիսի ձևակերպում, որ մեր երկրում չի կարող որևէ այլ պետության ռազմական ներկայություն առկա լինել: Իսկ դա նշանակում է, որ միջպետական այդ պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից։ Թե ինչպես է դա տեղի ունենալու, առայժմ հայտնի չէ, քանի որ 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում հիմնադրվել է 1995 թվականին՝ միջպետական պայմանագրով։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության պայմանագիրն ի սկզբանե կնքվել էր 25 տարի ժամկետով:

2010 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով՝ մինչև 2044 թվականը։ Այդուհանդերձ, պայմանագրում այս կետի առկայությունը, մեր տեղեկություններով, մեծ վրդովմունք է առաջացրել ռուսական իշխանությունների մոտ, ու նաև դրանով էր պայմանավորված մայիսի 9-ին Փաշինյանի անփառունակ ընդունելությունն ու Պուտինի ընդունելությանը չարժանանալը:

Երկօրյա այցով Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանն այդպես էլ երկկողմ հանդիպում չունեցավ ո՛չ Վլադիմիր Պուտինի, ո՛չ էլ ՌԴ ժամանած այլ երկրների ղեկավարների հետ։ Այնինչ, մինչ մայիսի 9-ի այցը, ի պատասխան քննադատությունների, նա ակնարկել էր, որ այցի նպատակներից մեկը հենց դա է։ Պուտինը, հիշեցնենք, տոնական միջոցառման մասնակից բոլոր պետությունների ղեկավարների հետ առանձին-առանձին հանդիպումներ ունեցավ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից