Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳՄՍՆ նոր կարգավորումը սխալ է, երեխան հայտնվում է մի միջավայրում, որտեղ բոլոր երեխաներն արդեն յուրացրել են համապատասխան ծրագիրը. Հոգեբան
«Իրականում, դա ցավոտ խնդիր է, սխալ որոշում ու մոտեցում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Լիլիթ Խաչատրանը՝ խոսելով նոր կարգավորման մասին, ըստ որի 2025-2026 ուսումնական տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարան և կրթություն ստանա համապատասխան դասարանում։
Մասնագետն ընդգծեց, որ հոգեբանորեն դա սխալ է. «Երեխան պետք է անցնի դպրոցի հարմարման փուլեր՝ հոգեբանական, ինտելեկուալ, սոցիալական, ձևավորի նախ առաջին դասարանի տարիքի երեխաների հետ հաղորդակցման ունակություններ, հաստատի կապ ուսուցչի հետ։ Ինտելեկուալ առումով երեխան պետք է բազան պարզից բարդեցված ճանապարհով յուրացվի։ Պատահական չէ, որ մեկ տարի ժամանակահատված է դրված, որպեսզի երեխան կարողանա այդ ծրագիրը յուրացնի։ Ո՞նց կարող է բաց թողնված գիտելիքը տան պայմաններում, կարճ ժամանակահատվածում լրացնի»։
Հոգեբանը նշեց, որ երեխան հայտնվում է դասարանական միջավայրում, որտեղ բոլոր երեխաներն արդեն յուրացրել են համապատասխան ծրագիրը, հարմարված են ուսումնական գործունեությանը, 45 րոպե տևող դասաժամերին. «Պատկերացրեք, երեխան միանգամից հայտնվում է այդ միջավայրում ու պետք է սկսի այն կետից, որտեղից սկսելու են արդեն, օրինակ, մեկ տարի դպրոց հաճախած աշակերտները, նրանց զարգացման սկզբնափուլից, նրանց հետ համընթաց շարժվի առաջ։ Իհարկե, դա բարդացնում է վիճակը»։
Ըստ Լ.Խաչատրյանի, ինտելեկտուալ առումով եթե երեխան բազա չունի, շատ բարդ է լինելու հարմարվելը, այլ բան է, եթե օժտված երեխա լինի։
Հոգեբանն այն կարծիքին է, որ առհասարակ, դպրոցական ուսուցումը պետք է կազմակերպել 7 տարեկանից։
«Ինչքան էլ ժամանակն առաջ է գնացել, երեխաներն ավելի շատ ինֆորմացիա են ունենում, միևնույնն է՝ հոգեբանական հարմարման առումով 6 տարեկան երեխաների համար դա վաղ ժամանակահատված է»,- ասաց Լ. Խաչատրյանը։
Դիտարկմանը՝ համապատասխան որոշումներ կայացնողները, բնականաբար, շփվում են հոգեբանների հետ, Լիլիթ Խաչատրյանն ասաց. «Ո՞վ է ասում։ Գրանտային ծրագիրը շահում են, դա իրենց ձեռ է տալիս, կամ գրանտ էլ չի, ինչ-որ որոշում է, մոտեցում ու դրանով առաջնորդվում են»։
Հոգեբանն ասաց, որ հաճախ են իր մոտ բերում առաջին, երկրորդ դասարանի երեխաների, նրանց մոտ արտահայտված խնդիրներն են՝ մոտիվացիայի իսպառ բացակայություն, հուզակամային ոլորտի ոչ բավարար զարգացվածություն. օրինակ, երեխան ուզում է խաղալ, վեր է կենում դասի կեսից, գնում խաղալու, կամ ուզում է ջուր խմել, վեր է կենում, գնում ջուր խմելու։