Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել, այդպես չի լինում. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
10:59 19/05/2025
Հայաստան

Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել, այդպես չի լինում. Ռոբերտ Քոչարյան

«Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել։ Սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի այլ մոտիվացիա։ Ինքն ուզում է մի թուղթ՝ Նիկոլ Փաշինյանի մասին, և այն խաղաղության հետ առնչություն չունի»,-խաղաղության պայմանագրի ու դրա ստորագրման հավանականության մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չորս լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նրա գնահատմամբ, ակնհայտ է, որ Փաշինյանը մի փաստաթուղթ է մուրում, չի բացառում, որ կլինի մի անբովանդակ փաստաթուղթ, որը հետապնդում է ներքաղաքական նպատակներ։

«Որևէ լուրջ բան մենք այս առումով չենք կարող ակնկալել։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակն է  ամեն գնով պահել աթոռը։ Եվ կան այս ամեն ինչի շուրջ խաղացողներ, որոնք կգնահատեն, իսկ արժե՞ նրան աջակցել այդ հարցում, թե՞ չարժե։ Ընդամենը սա է»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Հնարավո՞ր է գերիների վերադարձի հարցը խաղարկեն պայմանագրի կնքման գործընթացում։ Հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց.

«Չեմ կարծում, որ այս իշխանություններին հուզում է գերիների հարցը։ Գերեվարված են այն մարդիկ, որոնք այստեղ գալով կարող են Ղարաբաղի փախստականներին կազմակերպել իրենց հեղինակությամբ, ազդեցությամբ, իսկ դա այս իշխանություններին պետք չէ ընդհանրապես»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց՝ խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այստեղ խնդիրը մարդն է, որ պարտության սիմվոլ է, աչքն ամեն ինչից վախեցած՝ փորձում է փրկել ինքն իրեն։

«Նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը չի կարող մտածել պետության մասին։ Չի կարող մտածել ընդհանրապես ազգային շահերի մասին։ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց կրկնում եմ, սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ինչո՞վ է առաջնորդվում, ո՞րն է նրա մոտիվացիան։ Չե՞ք տեսնում, թե ինչ է ուզում այս մարդը։ Ուզում է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, և դա որևէ առնչություն չունի խաղաղության հետ։ Ալբանիայի այն կադրերը, որ տեսանք, որոնք շրջանառվում են, ուղղակի խայտառակություն են, արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է, կուչ եկած, ոնց որ ենթական շեֆի առջև կամ ծառան տիրոջ առջև հարաբերություններ են ձևավորվել այստեղ։ Բոդի լենգվիջը (body language)  շատ լավ է բացատրում, թե այդ մարդն ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդն իրեն ադեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որ ամբողջությամբ կախված է այդ երկու մարդկանցից, նրա ամբողջ մարմինն է խոսում այն մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինելու։ Հոգեբաններից հարցրեք, ի՞նչ ասեմ»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder