Որո՞նք են երեխայի ինքնավնասման վարքագծի պատճառները. Մասնագետի պարզաբանումը
Առողջություն
16:01 19/05/2025
Հայաստան

Որո՞նք են երեխայի ինքնավնասման վարքագծի պատճառները. Մասնագետի պարզաբանումը

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։

Հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը նշում է, որ ինքնավնասում առաջացնող վարքագիծը խոսում է երեխայի մոտ հոգեկան աններդաշնակության մասին 

Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը

Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։

Ամենահաճախ հանդիպող ձևերն են.

. կտրվածքները,

. այրվածքները,

. այլ տեսակի ֆիզիկական վնասվածքները։

Այս վարքագիծը հաճախ ծառայում է որպես հուզական ցավը, սթրեսը կամ դատարկության զգացողությունը հաղթահարելու մեխանիզմ։

Պատճառներ և ռիսկի գործոններ

Ինքնավնասող վարքագծի հիմնական պատճառներն են․

. զգացմունքների կառավարման դժվարությունները, հատկապես` սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակներում,

. հոգեկան խանգարումներ՝ դեպրեսիա, անհանգստության խանգարումներ,

. տրավմատիկ փորձառություններ՝ բռնություն, բուլինգ, մտերիմ մարդու կորուստ:

Ծնողներն ու մանկավարժները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ ախտանշաններին․

. անհասկանալի կտրվածքներ, այրվածքներ կամ կապտուկներ,

. տաք եղանակին երկարաթև հագուստի մշտական կրում,

. մեկուսացում, փակվածություն, հետաքրքրությունների կորուստ,

. հաճախակի տրամադրության փոփոխություններ, գրգռվածություն, դեպրեսիվ վիճակ,

. բարկության, դատարկության կամ անզորության զգացումներ:

Ինչպե՞ս աջակցել դեռահասին.

. բաց երկխոսություն՝ զրուցե՛ք երեխայի հետ առանց մեղադրանքների,

. մասնագետի օգնություն՝ հոգեբանի կամ հոգեբույժի խորհրդատվությունը կօգնի բացահայտել վարքի պատճառները և մշակել օգնության ծրագիր,

. անվտանգ միջավայրի ստեղծում՝ ընտանիքում ձևավորե՛ք վստահության մթնոլորտ, խուսափե՛ք քննադատությունից և ճնշումից,

. տեղեկացվածություն՝ ուսումնասիրե՛ք ինքնավնասող վարքագծի վերաբերյալ նյութեր երեխայի վիճակը ավելի լավ հասկանալու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որո՞նք են երեխայի ինքնավնասման վարքագծի պատճառները. Մասնագետի պարզաբանումը