Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեռահասների շրջանում թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններն ու վարքագծային փոփոխությունները. Խորհուրդներ նարկոլոգից
Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Նարկոլոգ Լիլիթ Մարգարյանի խորհուրդն է՝ եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսեք նրա հետ, բացատրեք դրանց գործածման վնասներն ու վտանգները։
Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝
. հոգեկան առողջության ախտաբանություններ,
. վարքային խանգարումներ,
. հետսթրեսային խանգարումներ,
. ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում,
. «ժամանակակից» լինելու ձգտում,
. ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։
Կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխության՝
. տրամադրության հաճախակի տատանումներ՝ առանց հիմնավոր պատճառների,
. հիշողության և ուշադրության վատթարացում, կենտրոնացման դժվարություն,
. ուսման մեջ թերացում,
. դյուրագրգռություն, ագրեսիվություն, կոնֆլիկտային վարք,
. մշտական հոգնածության զգացում,
. ցերեկային քնկոտություն, գիշերային անքնություն,
. պարփակվածություն, անտարբերություն ինքն իր անձի, հարազատների, ընկերների, նախկինում սիրելի զբաղմունքների նկատմամբ,
. ընկերական շրջապատի փոխարինում՝ «նոր կասկածելի» վարքագծով ընկերներով,
. գումարի մշտական պահանջներ, չհիմնավորված ծախսեր,
. հաճախակի գաղտնի հեռախոսազանգեր:
Ֆիզիոլոգիական ախտանշաններ՝
. մաշկի և տեսանելի լորձաթաղանթների արտահայտված գունատություն կամ կարմրություն,
. լայնացած կամ խիստ նեղացած բբեր, կարմրած աչքեր,
. տագնապային կամ սառած հայացք,
. չփոխկապակցված, դանդաղացած կամ արագացված խոսք,
. ախորժակի կորուստ, քաշի կորուստ,
. քրոնիկ հազ,
. շարժումների կոորդինացման դժվարություն։
Թմրամիջոցների գործածումը վնաս է հասցնում բոլոր օրգան-համակարգերին՝
. նյարդային համակարգի խանգարումներ՝ ինտելեկտի նվազում, թուլամտություն, ծանր փսիխոզներ, հոգեկան ոլորտի այլ խանգարումներ,
. սիրտ-անոթային համակարգի խանգարումներ՝ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում, առիթմիաներ,
. ստամոքս-աղիքային տրակտի գործունեության խանգարումներ,
. վերարտադրողական և սեռական համակարգի գործունեության խանգարումներ` պայմանավորված սեռական հորմոնների նորմից շեղումներով։
