Ավետիք Իսահակյանը վերջին կոպեկներով գիրք էր գնում ու ասում՝ «իմ կիրքը գիրքն է»
Մշակույթ
17:03 22/05/2025
Հայաստան

Ավետիք Իսահակյանը վերջին կոպեկներով գիրք էր գնում ու ասում՝ «իմ կիրքը գիրքն է»

«Իմ կիրքը գիրքն է». ասել է Ավետիք Իսահակյանն ու ու  իր վերջին կոպեկներով գրքեր գնել։ Այսօր Իսահակյանի անձնական գրադարանից տարբեր լեզուներով գրքեր ցուցադրվում են Ազգային գրադարանում բացված ցուցահանդեսում։ Այցելուները կարող են տեսնել նաև բացառիկ և անձեռնմխելի ցուցանմուշներ։  

Այս տարի լրանում է անվանի հայ գրող, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Այդ առիթով Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Վարպետը՝ Ազգայինում. 150 ցուցանմուշ» ցուցադրությունը, որը կազմակերպվել է  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ։

Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացված են հազվագյուտ հրատարակություններ, ինքնագրերով, ընծայագրերով գրքեր և այլ ցուցանմուշներ։

Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացված են վարպետի տուն-թանգարանից բերված անձնական գրադարանից գրքեր՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անձնական իրեր՝ թղթահատ, թանաքամանի  համալիր, գրիչ և այլն։ Ցուցադրության մաս են կազմում Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի հավաքածուներից դուրս բերված ինքնագրերով, ընծայագրերով գրքեր, որոնք ցուցադրվում են առաջին անգամ, բանաստեղծի թարգմանած, կազմած, խմբագրած գրքերը, երաժշտագիտական գրականություն, Իսահակյանի «Լիլիթ» պոեմի բրայլյան գրատիպը, մամուլից հոդվածներ՝ վարպետի հեղինակությամբ և վարպետի մասին։

Միջոցառմանը ներկա է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ասաց, որ «Վարպետը՝ Ազգայինում» խորագրով հանդիպման միտքը ծագել է  Չարենցին նվիրված միջոցառումից՝ «Չարենցն՝ Ազգայինում»։

«Ազգային գրադարանն այն կառույցն է, որտեղ բոլոր գրողների ստեղծագործական ժառանգությունն առկա է, հանգիստ կարող ենք ունենալ «Մաթևոսյանը՝ Ազգայինում», «Սիամանթոն՝ Ազգայինում», «Մեծարենցը՝ Ազգայինում», ... Բոլոր առումներով Ազգային գրադարանն այն տունն է, որտեղ բոլորն իրենց ուրույն տեղն ունեն»,- նշեց նա։

Աննա Չուլյանի ներկայացմամբ, Ավետիք Իսահակյանը 1952 թվականից եղել է Ազգային գրադարանի գիտխորհրդի անդամ, անմիջականորեն մասնակից է եղել Ազգային գրադարանի գիտական աշխատանքներին։

Ավիկ Իսահակյանի խոսքով, Գրողների միությունը, Իսահակյանի թանգարանը, Ազգային գրադարանը Ավետիք Իսակահյանի հարազատ տունն են եղել։

«Թվում է՝ Իսահակյանը պետք է ասեր իմ կիրքը... հասկանում եք՝ ի՞նչն է, բայց ասել է՝ «իմ կիրքը գիրքն է»։ Ինքն ու Թումանյանը երկու հարստություն են ունեցել, իրենց գրադարանները։ 

Ավետիք Իսահակյանը վերջին կոպեկներով գիրք էր գնում։

Գիրքը մեծ պատուհան է՝ բացված աշխարհի առաջ։ Մարդու ամենամեծ ընկերը գիրքն է։ Գիտությունից, գրքից բերած գիտելիքը մնայուն է։

Վախենում եմ այն մարդկանցից, որոնք գիրք չեն կարդում։ Եթե 30 տարի առաջ դա քչերին էր վերաբերվում, 20 տարի առաջ՝ մի քիչ ավելի շատ մարդկանց, այսօր արդեն ավելի ու ավելի շատերին։ Մարդկանց համար գիրքը դարձել է էկզոտիկ թռչուն։

Հայերն ամեն տեղ գիրք են տպագրել։ Հսկայական հարստություն է։ Մի՞թե ինչ-որ սերունդ է գալու, որ ձեռքը չի վերցնելու։ Տգետ, անգրագետ, վնասակար... Եթե մարդը տգետ է, հասարակության համար վնասակար է։ Էլ չեմ ասում՝ հայրենասեր էլ, ազգօգուտ էլ չի կարող լինել։

Եթե հասարակությունը հեռանում է գրքից, սկսում է  երկրում տիրել տգիտությունը, իսկ տգիտության դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Արգելող արգելքը խելքն է, միտքն է։ Եթե դա գոյություն չունի, սկսում է թուլանալ, տկարանալ, երկիրն էլ է թուլանում»,- ասաց Ավիկ Իսահակյանը։ 

Միաժամանակ նշեց, որ այն ժողովուրդն ենք, որ հույսը դեռ կորած չէ։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավետիք Իսահակյանը վերջին կոպեկներով գիրք էր գնում ու ասում՝ «իմ կիրքը գիրքն է»