Արդշինբանկից հափշտակված ոսկիների տերերը լուրջ կասկածներ ու մտահոգություններ ունեն
Իրավունք
14:06 22/05/2025
Հայաստան

Արդշինբանկից հափշտակված ոսկիների տերերը լուրջ կասկածներ ու մտահոգություններ ունեն

Արդշինբանկի Արտաշատի մասնաճյուղում գրավադրված ոսկիները 2016-2019թթ. հափշտակվել էր նույն բանկի կառավարիչի կողմից։ Հանցագործության բացահայտումից վեց տարի անց գործը դեռ դատարանում է, իսկ ոսկիներն էլ հաճախորդներին չեն վարադարձվել։

Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները լուրջ մտահոգություններ ու կասկածներ ունեն, որ իրենց մի քանի մլն դրամի գրավադրված ոսկեղենը կարող են կորցնել։

Դատական նիստերի մասին նրանք չեն ծանուցվում, բանկից էլ ի պատասխան իրենց հարցերի միշտ պատասխանում են, որ հափշտակված ոսկիներն իրեղեն ապացույց են ճանաչված ու իրավապահների հսկողության ներքո են։ Գործը դատարանը ստացել է 2021 թ. սեպտեմբերին։

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց, որ գործը հանձնված է դատարան, քննիչի տիրույթում որևէ ոսկի չկա։ ՔԿ-ից նաև ասացին, որ ոսկիների մի մասը հանձնվել է քաղաքացիներին։

Արդշինբանկից որևէ կերպ չցանկացան պատասխանել հափշտակված ոսկիների ճակատագրի մասին հարցերին։ Խնդրեցին գրավոր ուղարկել հարցերը։ Panorama.am-ը հարցերը մայիսի 22-ին [email protected] էլ. փոստին։

Բանկից մասնավորապես հարցրել ենք.

Գողությունից գրեթե վեց տարի անց տուժած հաճախորդներից քանի՞սի գրավադրված ոսկին է վերադարձվել։
Արդշինբանկը քանի՞ անգամ է միջնորդություն ներկայացրել դատարան որպես իրեղեն ապացույց ճանաչված ոսկին բանկին տրամադրելու, ապա նաև տուժողներին վերադարձնելու վերաբերյալ։ Բանկն արդյոք արե՞լ է հնարավորը, որպեսզի հաճախորդներին վերադարձվի գրավադրված գույքը։
Տնօրինութան կարծիքով, տարիներ շարունակ ինչո՞ւ է ձգձգվում հափշտակության գործի քննությունը։ Հնարավո՞ր է՝ գործը վաղեմության ժամկետի ավարտին հասցնելու միտում կա։

«Դատալեքս»-ում հրապարակված նյութերի համաձայն, Սարգիս Գարեգինյանը, հանդիսանալով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ, մասնաճյուղի նյութական արժեքների համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է ՓԲԸ-ի շահերին հակառակ, իր օգտին, մասնաճյուղի արժեքների համար նյութապատասխանատու մյուս անձանց` Շուշանիկ Հարությունյանի, Հովինե Սարգսյանի և վերջիններիս պարտականությունները կատարած Հայկանուշ Արշակյանի, Վարդինե Բաբայանի, Սոնա Սարգսյանի օժանդակությամբ, ուրիշի գույքի յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016 թվականի վերջերից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղում 35 անձանց կողմից գրավադրված առանձնապես խոշոր չափերով` 48.350.040 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա իրերը դուրս է բերել դրամապահոցից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդշինբանկից հափշտակված ոսկիների տերերը լուրջ կասկածներ ու մտահոգություններ ունեն