Վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ, կա վիրավոր
Իրավունք
21:18 25/05/2025
Հայաստան

Վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ, կա վիրավոր

Մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 9-րդ փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները, ոստիկանության բաժնի պետը։

Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ականջախեցու հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 102 շտապօգնության բժիշկների թիվ 44 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Արեշ 9-րդ փողոցի բնակիչ 47-ամյա Հայկուհի Ե.-ն է։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկի մոտ բարձրաձայն զրուցելու համար վիճաբանություն է առաջացել նույն փողոցի բնակիչ անչափահաս տղայի և նշված հասցեի մոտ հավաքված թվով 5 անծանոթ երիտասարդների միջև։Վիճաբանությանը միջամտել են անչափահասի հարազատներ՝ նույն փողոցի բնակիչներ 54-ամյա Արթուր Ե.-ն, հիվանդանոց տեղափոխված Հայկուհի Ե.-ն և 22-ամյա Սեյրան Ե.-ն, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ հակառակ կողմի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, ապա դիմել են փախուստի։ Իսկ Հայկուհի Ե.-ն տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ, կա վիրավոր