Նախագիծը քննարկվեց պատմական փաստերի խեղաթյուրման, թեմայից չբխող երրորդական մեկնաբանությունների համատեքստում. Աբրահամյան
Քաղաքական
10:33 27/05/2025
Հայաստան

Նախագիծը քննարկվեց պատմական փաստերի խեղաթյուրման, թեմայից չբխող երրորդական մեկնաբանությունների համատեքստում. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առիթով ԱԺ հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Այսօր մեկնարկած ԱԺ լիագումար նիստում հայտարարության նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առիթով «Պատիվ ունեմ» խմբակցության շրջանառած ԱԺ հայտարարության նախագիծը  տարբեր քննարկումների ու շահարկումների առիթ է դարձել, թեև տեքստը հիմնված էր  պատմական անհերքելի իրողությունների, այդ հաղթանակում սերունդների  ինստիտուցիոնալ կապի և պատմական հիշողության հիման վրա, սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողով նիստում այն քննարկվեց լրիվ այլ կոնտեքստում՝ գեոպոլիտիկ ծրագրերի բախման, պատմական փաստերի խեղաթյուրման, թեմայից չբխող երրորդական մեկնաբանությունների համատեքստում»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը։

Նա նշեց, որ այդ օրերին պատմական  իրադարձությունների վերաբերյալ իշխանության քարոզչամեքենայի հրահրած,  այսպես կոչված այլընտրանքային մոտեցումները սպասելի են դարձնում իշխանության այս հարցում, այս  հայտարարության մասով ունեցած դիրքորոշումը, սակայն կան հարցեր, որոնք ինչ էլ անեն, մեկ է՝ մնալու են պատմական,  այն խմբագրել հնարավոր չէ։

Աբրահամյանը նախ հիշեցրեց, որ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագծին, ապա հավելեց. «Ամենաանհեթեթ  դիտարկումների նոմինացիան շատ թեժ էր, սակայն, կարծում եմ,  առաջին տեղում այն «հակափաստարկն է», որ հաղթանակի կամ տոնական օրերի հետ կապված  վերջին տասնամյակում ԱԺ հայտարարության տեքստեր չեն ընդունվել, դրանք  որպես  կանոն եղել են ողբերգությունների հիշատակումների դեպքում, ուստի ԱԺ-ում նման մշակույթ չկա»։

Նա ընդգծեց, որ  այս հայտարարությունը պետք է դրական եզրակացություն ստանար ոչ միայն հանձնաժողովում, նաև լիագումար նիստում, քանի որ  խոսք է գնում մեծ հաղթանակի, դրանում հայ ժողովրդի ու նրա զավակաների զգալի ավանդի, դրա անհերքելի փաստերի մասին, որոնք ողբերգական  թվացող ապագայից վերածվեցին հույսի, լույսի, հաղթանակի ու այս տարածաշրջանում  հայերի  գոյության  պահպանման ու վերելքին։

Հայտարարության նախագիծը դրվեց քվերակության, 27 կողմ, 54 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չընդգրկեց ԱԺ օրակարգ։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder