Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». Հայաստանում իրականացվում է դենացիֆիկացիայի քաղաքականություն
«Փաստ» թերթը գրում է.
«Այն, ինչ կատարվում է այս օրերին, ոչ թե առանձին վերցրած եկեղեցականների, Եկեղեցու բարձրաստիճան հոգևոր հայրերի դեմ է ուղղված, այլ թիրախում Եկեղեցին է՝ որպես ազգային, հոգևոր հաստատություն: Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարությունների հարցում Փաշինյանի հիպերակտիվությունը, բնականաբար, ունի մի շարք էական պատճառներ, որոնցից մի քանիսն էլ ստորև կդիտարկենք:
Օրինակ՝ կա տեսակետ, որ Փաշինյանի հակաեկեղեցական վերջին «ժայթքումները» փոխկապակցված են ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից վերջերս Հայ առաքելական եկեղեցու դեմ բացահայտ թշնամական, կրոնական անհանդուրժողականություն սերմանող հայտարարություններով: Այսինքն՝ Փաշազադեն ասաց, Փաշինյանը «փոխանցումը» վերցրեց ու գլորեց առաջ: Կան նման մեկնաբանություններ և, մեր մեջ ասած, դա այն է, ինչ առաջիններից մեկն է ուշադրություն գրավում: Սակայն խնդիրը շատ ավելի խորն է, քան պարզապես ադրբեջանական կողմի հերթական հանձնարարությունը Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կողմից կատարելու կասկածը:
Մեծ հաշվով, անցած 7 տարում թեթևակի քողարկված, իսկ վերջին 2-3 տարում շատ ավելի անթաքույց ու սանձարձակ կերպով Հայաստանում իրականացվում է դենացիֆիկացիայի քաղաքականություն: Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության կողմից արդեն բացահայտ կերպով տարվող պայքարը ոչ միայն լիովին տեղավորվում է այդ դենացիֆիկացիայի քաղաքականության շրջածիրում, այլ դրա առանցքային բաղադրիչներից է: Դենացիֆիկացիան ենթադրում է ազգային ամեն ինչի վարկաբեկում, խեղաթյուրում, զրոյացում, ջնջում պատմական, մշակութային, գաղափարական, արժեքային, հոգևոր հարթություններում, ինչով էլ զբաղված են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները:
Եվ այդ տեսանկյունից, բնականաբար, հիմնական հարվածներից մեկը պիտի ուղղվեր Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային, հոգևոր, մշակութային, գիտակրթական, պատմական, գաղափարական ակունքները պահող հաստատության դեմ: Մեր ազգային ինքնության, ինքնագիտակցության ու նույնականացման հիմքերը մեր Եկեղեցում են: Եվ եթե մեկը որոշել է հայերիս դենացիֆիկացիայի ենթարկել, բնականաբար, նրա հիմնական թիրախներից մեկը հենց Եկեղեցին պիտի լիներ՝ որպես հաստատություն, ազգային բազմադարյա ինստիտուտ:»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում