Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Շահրամանյանը վերջին երկու շաբաթվա ընթացքում 4-րդ անգամ է հարցաքննվում. Փաստաբան
Այսօր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կանչվել է Քննչական կոմիտե ու հարցաքննվել։ Հարցաքննությունից հետո Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ 2023 թվականի սեպտեբերի 19-ից հետո, երբ Արցախի ողջ բնակչությունը տեղափոխվել է Հայաստան, ՀՀ իրավապահ մարմինների, մասնավորապես ՔԿ կողմից տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել են տարբեր վարույթներ հասկանալի պատճառներով։ Նախաձեռնված վարույթների շրջանակում՝ թվով 3 վարույթի շրջանակում, Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է։
«Երբևէ որևէ հարցաքննությունից Արցախի նախագահը չի խուսափել, ամեն անգամ ՔԿ կանչով պարտաճանաչ ու պատշաճ ներկայացել է վարույթ իրականացնող մարմին ու հարցաքննվել»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ այսօրվա հարցաքննությանը, Ռ.Երիցյանն ասաց, որ այս վարույթը նախաձեռնվել է պատերազմի ժամանակ զինվորական անփութության, զենք-զինամթերք թշնամուն հանձնելու վարույթի շրջանակներում։
Փաստաբանը մանրամասներ չհայտնեց, քանի որ քննիչն նախազգուշացրել է՝ նախաքննության ընթացքում հայտնի դարձած ամեն մի տվյալ հրապարակելու անթույլատրելիության մասին։
Հարցին՝ կոնկրետ մեկի բողոքի հիման վրա՞ է վարույթը հարուցվել, Ռ.Երիցյանն ասաց. «Այս մասով ևս չեմ կարող որևէ տեղեկություն տրամադրել։ Եթե չեմ սխալվում, լրատվամիջոցներում տեղ է գտել տեղեկություն, որ վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի կողմից հրապարակավ կատարված հայտարարության, հետագայում ներկայացված հաղորդման հիման վրա։ Կոնկրետ նշել վարույթն ինչի հիման վրա է նախաձեռնվել, ինչի շուրջ է հարցաքննվում Շահրամանյանը, չեմ կարող ասել»։
Նա ընդգծեց, որ Սամվել Շահրամանյանը վարույթով ունի բացառապես վկայի դատավարական կարգավիճակ։
«Սամվել Շահրամանյանին մեղադրական բնույթի հարցեր, կարելի է ասել, չեն հնչեցվում։ Ունի բացառապես վկայի կարգավիճակ, նրան այս պահի դրությամբ որևէ մեղադրանք առաջադրված չէ»,- ասաց փատաբանը։
Հարցին՝ ինչու 2023 թվականին հարուցված վարույթի շրջանակում հիմա է կանչվում հարցաքննության, երբ Արցախի ԱԺ-ն պետք է ընտրի Արցախի նոր նախագահ, քանի որ Սամվել Շահրամանյանի ժամկետը լրացել է, փաստաբանն ասաց. «Սամվել Շահրամանյանը վերջին երկու շաբաթվա ընթացքում 4-րդ անգամ է հարցաքննվում։
Ինչ վերաբերում է՝ ինչու է հիմա հրացաքննում, իմ մտահոգությունը չեմ թաքցնի, որ այո՝ 2023 թվականին նման փաստի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արցախի նախագահը պետք է լիներ առաջին անձանցից մեկը, որ պետք է հարցաքննվեր։ Նրա հարցաքննությունը սկսվել է հիմա, առաջին անգամ հարցաքննվել է մայիսի կեսերին, շարունակական է լինելու։
Ես կարող եմ հայտարարել վարույթ իրականացնող մարմնի բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ այս վարույթը կրում է նաև պատմական բնույթ, այսինքն՝ Հայաստանը ի դեմս միգուցե նաև ՔԿ-ի, փորձում է պարզել իրողությունը և սա ավելի շատ ինֆորմացիա ձեռք բերելու համար է՝ ինչ է տեղի ունեցել, հետագայում պատմության որևէ մաս դարձնելու նպատակով»։
Նա նշեց, որ Քննչական կոմիտեն պետք է պաշտոնական պարզաբանում տա, թե ինչու է 2023 թվականի հոկտեմբերին նախաձեռնված վարույթի շրջանակներում Շահրամանյանը հարցաքննում հենց հիմա։
«Կարծում եմ՝ դրա տրամաբանությունը կայանում է նրանում, որ փորձում էին ավելի շատ տվյալներ պարզել, որպեսզի Սամվել Շահրամանյանին հարցաքննեին»,- ասաց փաստաբան Երիցյանը։
Հարցին՝ քաղաքական նկատառումներո՞վ են հարցաքննում Ս. Շահրամանյանին, փաստաբանն ասաց. «Այս վարույթում՝ ոչ, այս պահի դրությամբ՝ ոչ։ Ինտենսիվ հարցաքննելն էլ պայմանավորված է գործի ծավալով ու գործի բարդությամբ»։
Սամվել Շահրամանյանի հաջորդ հարցաքննությունը տեղի կունենա հունիսի 6-ին առավոտյան։
Ռ. Երիցյանը նաև ասաց, որ Սամվել Շահրամանյանն այս վարույթի շրջանակներում Կարենը Ջալավյանի հետո որևէ առնչություն չունի, այս վարույթի շրջանակում Շահրամանյանին՝ Ջալավյանին առնչվող հարցեր չեն հնչեցվել։
«Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, կրկին կաշականդված լինելով նախաքննության գաղտնիք չհրապարակելու դիրքորոշմամբ, չեմ կարող տվյալներ մեջբերել։
Պետք է հաշի առնել, որ Սամվել Բաբայանը ժամանակին եղել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, եղել է Արցախ Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ ուժից, բնականաբար, նորմալ եմ համարում, որ ինքը ևս հարցաքննվում է այս վարույթի շրջանակներում»,- ասաց փաստաբանը։
Նա հայտնեց, որ Սամվել Շահրամանյանը Սամվել Բաբայանի հետ ՀՀ տարածքում մի քանի անգամ հանդիպել է, բայց ոչ այս գործի շրջանակում, ավելի շատ քննարկել են Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։