«Հրապարակ». Ինչու և ում շահերից ելնելով է ՊՆ ղեկավարը դեմ գնացել շտաբի պրոֆեսիոնալ դիրքորոշմանը
Օրվա մամուլ
08:14 05/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու և ում շահերից ելնելով է ՊՆ ղեկավարը դեմ գնացել շտաբի պրոֆեսիոնալ դիրքորոշմանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած և կառավարության հավանությանն արժանացած` գումարի դիմաց բանակից ազատվելու աղմկահարույց նախագծի շուրջ ՔՊ-ում նոր կրքեր են բորբոքվել։ Անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ ՔՊ-ականները բացահայտել են, որ ԶՈւ գլխավոր շտաբը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել, գրել են` «Դեմ ենք»: Փակ նիստին ներկա ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն անձամբ է տեղեկացրել այդ մասին՝ չթաքցնելով տարակուսանքը, թե ինչու է իրենց եզրակացությունից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացրել կառավարության նիստում և ամեն ինչ արել, որ դրական եզրակացություն ստանա։

Պապիկյանն արդարացել է, թե զորակոչի պակաս և այն լրացնելու խնդիր ունեն, պետք է քայլեր ձեռնարկեն, սակայն նրա պատասխանն էլ ավելի է խճճել իրավիճակը՝ ինչու և ում շահերից ելնելով է ՊՆ ներկայիս ղեկավարը դեմ գնացել շտաբի պրոֆեսիոնալ դիրքորոշմանը։ Երեկ մեր լրագրողն ԱԺ-ում Ասրյանից փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ, հարցրել է՝ ճի՞շտ է, որ ԳՇ-ն բացասական եզրակացություն է տվել, սակայն ԳՇ պետը համառորեն չի պատասխանել ոչ մի հարցի և չի հերքել այդ տեղեկությունը՝ ասելով, որ մոտ ապագայում կներկայացվի իրենց դիրքորոշումը։ Անցած շաբաթվա փակ նիստում ՔՊ-ականներին Ասրյանի դիրքորոշումն ավելի է ոգևորել, և նրանք Հայկ Սարգսյանին հորդորել են՝ կա՛մ հետ կանչել նախագիծն օրակարգից, կա՛մ իրենք են մերժելու։ Նախագիծն ընդգրկված է պաշտպանության հանձնաժողովի հունիսի 13-ի օրակարգում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու և ում շահերից ելնելով է ՊՆ ղեկավարը դեմ գնացել շտաբի պրոֆեսիոնալ դիրքորոշմանը