Ո՞ւմ է ի պահ տվել «Արդշինբանկ»-ը գողացած ոսկիները
Իրավունք
11:24 06/06/2025
Հայաստան

Ո՞ւմ է ի պահ տվել «Արդշինբանկ»-ը գողացած ոսկիները

Արդշինբանկից տարիներ առաջ հափշտակված ոսկիների տերերը լուրջ կասկածներ ու մտահոգություններ ունեն։ Panorama.am-ի հետ զրույցում քաղաքացիները հարցեր ունեն իրենց գույքի ճակատագրի վերաբերյալ, որը ճանաչվել է իրեղեն ապացույց ու հափշտակության բացահայտումից 6 տարի անց էլ չի վերադարձվել քաղաքացիներին։ Քննչական կոմիտեից իրեղեն ապացույց ճանաչված 590 հազար դոլարի գողությունն էլ ավելի է խորացրել մարդկանց մտահոգությունները։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 2016 թվականի վերջերից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի դրամապահոցից 35 անձանց կողմից գրավադրված առանձնապես խոշոր չափերով` 48.350.040 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա իրերին։

Panorama.am-ը հարցեր էր ուղղել «Արդշինբանկ»-ին՝ պարզելու, որտե՞ղ են հափշտակված ոսկիները, ինչո՞ւ բանկը միջնորդություն չի ներկայացնում դրանք պարտապաներին վերադարձնելու համար։

«Արդշինբանկն իր կողմից դեռևս դատական քննության սկզբնական փուլից՝ 2023 թվականից դատարան է ներկայացրել միջնորդություն՝ իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերը վերադարձնելու վերաբերյալ, որը դրական արդյունք չի տվել, քանի որ Դատարանի որոշմամբ տվյալ հարցի լուծումը հետաձգվել է՝ վերջնական դատական ակտով դրան անդրադառնալու նպատակով»,-պատասխանեցին բանկից։

Քաղաքացիները կասկածներ ունեն, որ դատական նիստերը գումարվում են ուշ-ուշ, ձգձգվում են, որպեսզի վաղեմության ժամկետն ավարտվի։ Ի՞նչ են մտածում բանկում այս տեսակետի մասին.

«Բանկը որևէ դիրքորոշում չի կարող հայտնել Դատարանի կողմից նշանակվող դատական նիստերի հաճախականության, գործի քննության տևողության և նշված այլ հարցադրումների վերաբերյալ, քանի որ Դատարանն անկախ է իր նշված գործառույթներն իրականացնելիս»։

Ի վերջո, որտեղ են հափշտակված ոսկիներն ու փողերը.

«Հափշտակության առարկա հանդիսացած իրերը քրեական գործի շրջանակներում իրեղեն ապացույցների պահպանման կարգի վերաբերյալ քրեադատավարական կանոնների համաձայն՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ի պահ են հանձնվել Կենտրոնական բանկին։  Ինչ վերաբերվում է իրենց գրավադրված ոսկիները կորցրած մարդկանց վարկերի մարման մասին Ձեր հարցին, ապա Բանկն անհատական մոտեցմամբ հաճախորդների խնդիրների կարգավորման ժամանակավոր լուծումներ է առաջարկել»։

«Դատալեքս»-ում հրապարակված նյութերի համաձայն, Սարգիս Գարեգինյանը, հանդիսանալով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ, մասնաճյուղի նյութական արժեքների համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է ՓԲԸ-ի շահերին հակառակ, իր օգտին, մասնաճյուղի արժեքների համար նյութապատասխանատու մյուս անձանց` Շուշանիկ Հարությունյանի, Հովինե Սարգսյանի և վերջիններիս պարտականությունները կատարած Հայկանուշ Արշակյանի, Վարդինե Բաբայանի, Սոնա Սարգսյանի օժանդակությամբ, ուրիշի գույքի յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016 թվականի վերջերից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղում 35 անձանց կողմից գրավադրված առանձնապես խոշոր չափերով` 48.350.040 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա իրերը դուրս է բերել դրամապահոցից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞ւմ է ի պահ տվել «Արդշինբանկ»-ը գողացած ոսկիները