Հաղթանակ թաղամասում ողբերգական վրաերթի մասնակից Ford-ի վարորդը կալանավորվել է
Իրավունք
17:52 06/06/2025
Հայաստան

Հաղթանակ թաղամասում ողբերգական վրաերթի մասնակից Ford-ի վարորդը կալանավորվել է

Panorama.am-ի տեղեկություններով, Հաղթանակ թաղամասում մայիսի 30-ի երեկոյան ողբերգական վրաերթի մասնակից Ford մակնիշի մեքենայի վարորդը կալանավորվել է։ Հիշեցնենք, որ Ford մակնիշի մեքենայի վարորդը վիճաբանությունից ու ծեծկռտուքից հետո թաղամասի գլխավոր փողոցում հետապնդել էր BMW-ի վարորդին, ինչն էլ հանգեցրել էր ողբերգության։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց՝ կալանավորված կա։ Ինքնության մասին մանրամասներ չհայտնեց։

«Քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,-ասաց կոմիտեի խոսնակը։

Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում մայիսի 30-ին տեղի ունեցած  ողբերգական վթարի հետևանքով մահացել էր փողոցն անցնող 42-ամյա կինը, նրա 2-ամյա որդին տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։

Ոստիկանությունից հայտնել էին, որ մայիսի 30-ին շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի: Այնուհետև միջադեպի մասնակիցներն ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն:

Քրեական օրենսգրքի 342 հոդվածը վերաբերում է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն։

Հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հաղթանակ թաղամասում ողբերգական վրաերթի մասնակից Ford-ի վարորդը կալանավորվել է