Այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է. Գալյանը՝ հոգևորականների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իրավունք
12:40 06/06/2025
Հայաստան

Այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է. Գալյանը՝ հոգևորականների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ բնույթի նորմ, ըստ որի, Հայաստանն ընդունում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին հարցերին միջամտելը։

Այնուհետև նա շարունակեց. «Ի՞նչ է եղել, որ ստիպի, որպեսզի ծագի նման հարցադրում, ինչո՞վ է խառնվելը դրսևորվել։ Իմ դիտարկմամբ՝ առկա խնդիրների մասին խոսելն ինքնուրույնությանը միջամտել չէ»։

Ըստ նրա, եկեղեցու հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով և այսօր էլ կա օրենսդրական դաշտ, որը որոշակիորեն կարգավորում է այդ հարաբերությունները։

«Իրականում, այդ կարգավորումները միտված են եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն, եկեղեցականների կարգավիճակի հետ կապված նրանց որոշակի արտոնություններ տալուն և այլն։ Մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին եկեղեցու և եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։

Չպետք է մոռանանք, որ իրավական պետություն ենք, և այն, որ եկեղեցու կարգավիճակը սահմանվել է Սահմանադրության շրջանակներում, դա ևս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է, որ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք այսօր քննարկվում են»,- ասաց Ս. Գալյանը։

Հարցին՝ իսկ բարոյական, էթիկական նորմերի խախտում չէ՞, եթե պետության ղեկավարը նման բառամթերքով է  խոսում, նախարարն ասաց. «Կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել։ Այո՛, սուր երանգներ պարունակող բառամթերք է, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ խնդիր չկա այստեղ։

Իմ դիտարկմամբ, մենք այսօր ունենք խնդիր, ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց, ըստ էության, զբաղվում է քաղաքականությամբ։

Եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, որոնց պարտավոր են հետևել նաև պաշտոնյաները, քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը՝ հետևի՞ այդ կանոնների պահպանմանը, թե՞ ոչ»։

Հարցին Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հնարավոր է Սահմանադրական փոփոխություններում վերանայվի եկեղեցի-պետություն հարաբերությունները, կա՞ն քննարկում, Գալյանն ասաց. «Ոչ, այս պահին որևէ քննարկում չկա։ Որևէ բան չեմ բացառում։ Յուրաքաչյուր հնչեցված միտք գաղափար է, որը կարող է քննարկվել, դրա շուրջ կարող է լինել խորհրդի կողմից կոնսենսուս, կարող է չլինել։ 

Ես կարծում եմ պատմականորեն Հայ Առաքելական եկեղեցու դերը ընդգծված է եղել, մեր բոլորիս կյանքում և առնվանզ ...»։

Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների նախագծին, Գալյանն ասաց. «Մենք պլանավորել ենք այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ ունենալ խորհրդի նիստ, խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք մշակվել են։ Մինչ այդ որևէ փակագիծ չեմ ցանկանա բացել։ Կքննարկենք՝ ուղիղ հեռարձակվելու է, թե ոչ, բայց երկուր դեպքում էլ հանրությունը կտեղեկանա, թե ինչ է քննարկվել նիստում։ 

Անկախության Հռչակագրի մասով հստակեցում չկա»։  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է. Գալյանը՝ հոգևորականների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին