Սա քաղաքական հավաք չէ, սա զուտ հավաք է ի աջակցություն Եկեղեցու և մեր Վեհափառի. Արթուր Վանեցյան
Քաղաքական
23:40 10/06/2025
Հայաստան

Սա քաղաքական հավաք չէ, սա զուտ հավաք է ի աջակցություն Եկեղեցու և մեր Վեհափառի. Արթուր Վանեցյան

«Սա քաղաքական հավաք չէ, սա զուտ հավաք է ի աջակցություն Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և մեր Վեհափառի»,- «Զվարթնոց» օդանավակայանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ որևէ մի օր Հայաստանում կկանգնեն Եկեղեցու պաշտպանության համար. «Ամենավատ երազում չէինք կարող նման բան տեսնել։ Ցավոք սրտի, դա էլ տեսանք։ Տեսանք Արցախի կորուստ, հազարավոր զոհեր, հայրենիքի ուրացում, ցավոք սրտի, տեսնում ենք մի բան, որը չէինք կարող պատկերացել։

Կարծում եմ՝ այսօր մեծ բազմություն կլինի, ժողովուրդն իր աջակցությունը կհայտնի Հայ Առաքելական եկեղեցուն, Վեհափառին, իշխանությունը կտեսնի, որ եկեղեցին ունի իր հետևորդները, նվիրյալները, իր պաշտպանները»,- ասաց Ա. Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության նախագահը նշեց, որ եկեղեցին մեր պետության հիմնասյունն է, հիմնական ինստիտուտն է, որը միշտ եղել է հայապահպանության ակունքներում։ 

«Մենք պատմության մեջ ունենք բազմաթիվ օրինակներ, երբ եկեղեցին ստանձնել է հայապահպանության, պետականության պահպանության դեր։ Այս մարդիկ փորձում են քանդել մեր պետության հիմքերը, կարծում եմ, սա  իշխանության հերթական քայլերից է՝ կորցնելու մեր ինքնությունը, հավատը, ամեն ինչը»,- ասաց Ա. Վանեցյանը։ 

Հարցին՝ արդյո՞ք քաղաքացիական պատերազմի վտանգներ տեսնում է, նա պատասխանեց. «Նման վտանգներ, իհարկե, կարող են լինել, բայց ես կարծում եմ, բոլորը ողջամիտ կգտնվեն, նման քայլի չեն գնա»։ 

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի  կոչով բազմաթիվ քաղաքացիներ գալիս են օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով հունիսի 9-ին մեկօրյա այցով մեկնել էր ԱՄԷ։  

Հիշեցնենք, որ հունիսի 10-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ․

Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder