Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ ՔԿ-ն վարույթ չի նախաձեռնել Գնել Սարգսյանի դեմ ու դրա մասին անհապաղ չի տեղեկացրել փաստաբանին
Նախկին ՔՊ-ական գործիչ Գնել Սարգսյանի դեմ քննչական կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել։
«Ստացված հաղորդումները չեն համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ և 179-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին, առկա չէ այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել նախնական իրավական գնահատական, ուստի քրեական վարույթ չի նախաձեռնվել»,-Panorama.am-ին հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Մարմաշեն վանքի վանահայր Տեր Փառեն քահանա Պետրոսյանը զգուշացրել էր՝ հսկելու և հետևելու է ամեն մեկի մուտքն իր հովվության տարածքում գործող որևէ եկեղեցիներ և քննելու ք անձը, հավատքի չափը և քրիստոնեայի կարգավիճակը` ինչ՞ է մտածում, ինչ՞ է շնչում, և ինչ՞ գաղափարներ ունի։ Հայտարարության հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանի աջակից Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, սադրել, հայհոյել քահանային։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու առերևույթ դեպքի վերաբերյալ 02․06․2025 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
«Հաղորդումից անցել է 9 օր և որևէ պատասխան դեռ չեմ ստացել։ ՀՀ քննչական կոմիտեից ակնկալում եմ պարզաբանում»,-նշել էր Հովհաննիսյանն այսօր։
Նշենք, որ Քրեական դատավարության մասին ՀՀ օրենսգրքի 173 հոդվածը վերաբերում է քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությանը։
Օրենսգրքի 179 հոդվածը վերաբերում է Քրեական վարույթ չնախաձեռնելուն.
1. Այն դեպքում, երբ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պայմաններին, քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմում, որի վերաբերյալ հաղորդումն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հսկող դատախազին` նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը:
2. Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, հսկող դատախազը հաստատում է այն կամ հանձնարարում է քննիչին նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն:
3. Քրեական վարույթ չնախաձեռնելու և դրա օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատելու մասին քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է հաղորդումը ներկայացրած անձին` նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, ինչպես նաև պարզաբանելով քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը բողոքարկելու կարգը և ժամկետները:
ՔԿ քննիչը չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը՝ անհապաղ չի տեղեկացրել հաղորդումը ներկայացրած փաստաբանին։ ՔԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ պատասխանն այսօր առավոտյան փոստի միջոցով ելք է արվել, հարցը, թե երբ կստանա հաղորդում ներկայացրած անձը, իրենց տիրույթում չէ։