Դավիթ Հարությունյանի գործով արագացված դատաքննություն կիրառելու միջնորդություն ներկայացվեց
Իրավունք
18:15 11/06/2025
Հայաստան

Դավիթ Հարությունյանի գործով արագացված դատաքննություն կիրառելու միջնորդություն ներկայացվեց

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնող  արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի  ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդեց արագացված դատաքննություն կիրառել։ 

«Օրենքը սահմանում է  որոշակի դեպքեր, երբ ընդհանրապես դատախազությունն իրավունք ունի իրականացնել ուսումնասիրություն։ Դրանցից մեկը վերաբերում է նրան, որ եթե կա օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքներով ձեռք բերված օպերատիվ տվյալներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու ապօրինի գույքի բռնագանձման վարույթ նախաձեռնելու անհրաժեշտության մասին։ Այսինքն, արվել է օպերատիվ հետախուզական գործունեություն, որի արդյունքում տվյալներ են ստացվել, դրանից կարող ենք ենթադրել, որ առկա է ապօրինի գույք։ Դա դեռ չի նշանակում, որ առկա է, պետք է ուսումնասիրություն սկսվի»,- լրագրողների հետ զրույցում միջնորդության ներկայացման անհրաժեշտությունը բացատրեց Արամ Օրբելյանը։

Ըստ նրա,  այս դեպքում առկա է ԱԱԾ-ից մի տեղեկանք, որը հիմք է հանդիսացել ուսումնասիրություն սկսելու համար, բայց ոչ մի նշում չկա օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու մասին։

«Մի քանի տեղ կա նշված օպերատիվ տվյալ, միանշանակ չէ, թե ինչի մասին է խոսքը, դա հիմք չի տալիս ենթադրելու, որ օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում է  ստացվել, և կա մի ձևակերպում, որ իրականացված ստուգմամբ պարզվել է։

Այդ տեղեկությունների բնույթը մոտավորապես հետևյալն է՝ ստուգել ենք, թե անձն ինչ գույք ունի, որը ոչ թե օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձևավորվող գործունեություն է, այլ տարբեր պետական տեղեկատվական տվյալներից քաղվածք հանելու միջոց։ Ունենք նաև հարցում-պատասխան, որ, օրինակ, ֆինանսական վերահսկողությունը, որի համար դատարան միջնորդություն չի ներկայացվել, հետևաբար միջնորդության հիման վրա չի տրվել թույլտվություն։

Այս բոլորը ցույց է տալիա, որ ակնհայտ է՝ օպերատիվ հետախուզական միջոցառում չի իրականացվել, ավելին ԱԱԾ-ն տեղեկանք ուղարկելով՝ չի նշել, որ օպերատիվ հետախուզական միջոցառում ենք արել»,- ասաց փաստաբանը։

Panorama.am-ի հարցին ի պատասխան,  միտումնավո՞ր է արվել, թե՞ բացթողում է, Ա. Օրբելյանն ասաց, որ այս դեպքում էականը դա չէ, ավելի խորը արգումենտացիա ունեն,  որ եթե նույնիսկ տեսականորեն օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացված լիներ այլ դեպքեր նման, եթե դրա նկատմամբ վերահսկողություն չի եղել, նույնպես պարզ չէ։

«Տպավարությունը հետևյալն է՝ ԱԱԾ-ն ուղղակիորեն որոշեց իրականացել ստուգում։ Դա ժամանակագրական առումով համընկել էր այն շրջանին, երբ  Ազգային ժողովի 1/5-րդի կողմից դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան, ներկայացուցիչը Դավիթ Հարությունյանն էր, կամ կարող է պայմանավորված լիներ այդ շրջանում Դավիթ Հարությունյանի ակտիվությամբ՝ «Լույս» հիմնադրամի շրջանակներում,  կամ ուղղակիորեն որոշել էին նախկին բոլոր նախարարներին, պատգամավորներին «ստուգել»»,- ասաց Օրբելյանը։

Նա նշեց, որ  եթե արագացված դատաքննություն կիրառվեց այս միջնորդությամբ, դա ենթադրում է, որ հայցն ակնհայտ անհիմն է, այս ձևով, ներայացված հիմնավորումներով, փաստաթղթերով չի կարող բավարարվել։

«Պատկերացրեք՝ գտանք ապացույցներ տարբեր ժամանակներում ձեռք բերված գույքերի, եկամուտների վերաբերյալ, ուսումնասիրեցինք Դավիթ Հարությունյանի եկամուտ ստանալու գործընթացները՝ դեռ մանկահասակ տարիքից, վերջում  դատարանն ասում է՝ ճիշտ է, ապացույցները բերել եք, բայց ոնց որ օպերատիվ հետախուզական միջոցառումը չի հաստատվում, հետևաբար՝ կարճում ենք։ Արագացված դատաքննության իմաստն այն է, որ չհասնենք  այդ փուլին։

Ընդամենը պետք է պարզել մի հանգամանքը, որը բերելու է նրան, որ հայցը մերժվելու է ու կա դրա հակառակ տարբերակը՝ բարարվելու դեպքում, պետք է ժամանակ չծախսվի ու կիրառվի արագացված դատաքննություն»։

Հարցին՝ ի սկզբանե ուսումնասիրություն իրականացնելու օրինական առիթ չի՞ եղել, փաստաբանն ասաց. «Ի սկզբանե ոչ իրավաչափ եղանակով, կուզեք ասել՝ ապօրինի, հակաիրավական, առանց անհրաժեշտ իրավական հիմքերի, ուսումնասիրություն է իրականացվել։ Ուսումնասիրության արդյունքների հետ կապված էլ լրջագույն խնդիրներ կան»։

Արամ Օրբելյանի խոսքով, նման օրենքներն անհրաժեշտ են, բայց դրանք պետք է ոչ թե ուղղված լինեն «նախկիններին բռնելու», եթե նպատակը դա է , գործընթացը դարձնում է ապօրինի, այլ կոռուպցիայի դեմ պայքարի համար, որի մեջ կարող են լինել նաև նախկին պաշտոնյաներ։

«Օրենքը ձևավորում  է ակնկալիքներ՝ շատ արհեստական,  ոչ իրավաչափ՝ հեսա «թալանվածը հետ ենք բերելու» ձևակերպում։ Իսկ այդ ձևակերպումն  ունի լրջագույն խնդիր, այսինքն՝ արդեն ֆիքսում է, որ կա թալանած։ Եթե կա թալանած ու պետք է հետ բերել, այս գործընթացները դառնում են բուտաֆորիա, ոչ թե իրակական գործընթաց, արդարադաության հետ ոչ մի առնչություն չունեցող»,- ասաց փաստաբանը։ 

Դատախազության ներկայացուցիչը դատական նիստի ընթացքում ասաց, որ արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունն այն հիմքով է, որ հայցն ակնհայտ անհիմն է։

«Միջնորդությունը ներկայացված է 19 էջի սահմաններում, 40 րոպե։ Սա ինչի՞ մասին է  խոսում, որ ակնհայտության մասին խոսք լինել չի կարող, հայցադիմումն ակնհայտ անհիմն չէ»։

Միջնորդության քննությունը հետաձգվեց։ Դատավորը հայտարարեց, որ այլ դատական նիստով պայմանավորված, այսօրվա նիստը հետաձգվում է։ Միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին, որը կկայանա հուլիսի 1-ին ժամը 14.00-ին։

Հիշեցնենք, որ դատախազությունն անցած տարվա հոկտեմբերի 8-ին հաղորդագրություն է տարածում՝ նշելով, որ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել 12 անշարժ գույք, 3 շարժական գույք, 723 միլիոն դրամ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Հարությունյանի գործով արագացված դատաքննություն կիրառելու միջնորդություն ներկայացվեց