ԱՄՆ-ն պատրաստվում է տարհանել Իրաքում իր դեսպանատունը. Անվտանգության հետ կապված ռիսկերը բարձր են
Քաղաքական
09:05 12/06/2025
Տարածաշրջան

ԱՄՆ-ն պատրաստվում է տարհանել Իրաքում իր դեսպանատունը. Անվտանգության հետ կապված ռիսկերը բարձր են

ԱՄՆ-ն պատրաստվում է մասնակի տարհանել Իրաքում իր դեսպանատան աշխատակիցներին, ինչպես նաև թույլ տալ զինվորականներին լքել Մերձավոր Արևելքի տարբեր վայրերը՝ տարածաշրջանում անվտանգության բարձրացված ռիսկերի պատճառով։

Այս մասին գրում է «Ռոյթերզ»-ը՝ վկայակոչելով ամերիկյան ու իրաքյան իր աղբյուրները։ Չորս ամերիկյան և երկու իրաքյան աղբյուրները չեն նշել, թե անվտանգության որ ռիսկերն են պատճառ եղել նման որոշման կայացման։

Հնարավոր տարհանման մասին հաղորդագրությունները նավթի գների ավելի քան 4%-ով բարձրացման պատճառ են դարձել։ Դեսպանատան մասնակի տարհանման վերաբերյալ «Ռոյթերզ»-ի հարցին ի պատասխան Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին ասել է.

«Պետդեպարտամենտը պարբերաբար ստուգում է արտասահմանում գտնվող ամերիկացի անձնակազմը, և այս որոշումը կայացվել է վերջերս անցկացված ստուգման արդյունքում»։

Նա այլ մանրամասներ չի հայտնել,  ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է եղել այդ քայլի մասին։

Թրամփը բազմիցս սպառնացել է հարվածել Իրանին, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվեն, և չորեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում նա ասել է, որ ավելի ու ավելի քիչ վստահ է, որ Թեհրանը կհամաձայնի դադարեցնել ուրանի հարստացումը, որը Ամերիկայի հիմնական պահանջներից մեկն է։

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադենչորեքշաբթի օրը նաև հայտարարել է, որ եթե Իրանը հարվածների ենթարկվի, այն կպատասխանի՝ հարվածելով տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բազաներին։ Միացյալ Նահանգները ռազմական ներկայություն ունի նավթարդյունահանող խոշոր տարածաշրջանում, այդ թվում՝ Իրաքւոմ, Քուվեյթում, Քաթարում , Բահրեյնում, ԱՄԷ-ում։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ն պատրաստվում է տարհանել Իրաքում իր դեսպանատունը. Անվտանգության հետ կապված ռիսկերը բարձր են