Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ-ն քայլեր չձեռնարկեց՝ կանխելու ԲԴԽ-ի կողմից դատարանի որոշումների «բեկանման» մարմնի վերածվելու արատավոր պրակտիկան. հարցը բարձրացնող դատավորի դիմումի քննությունը մերժվել է։ Այս մասին գրում է Փաստինֆոն։
Խոսքը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանի դիմումի քննության մասին է։ Վերջինս, հիշեցնենք, 2024թ․նոյեմբերի 5-ին ԲԴԽ-ի կողմից կարգապահական պատասխանատվության էր ենթարկվել՝ ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱՆ-ի կողմից հարուցված վարույթով՝ քրեական վարույթներից մեկով մեղադրյալի նկատմամբ կալանք չկիրառելու համար։ Մասնավորապես, ըստ ԱՆ-ի՝ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցն ի զորու չէր զսպելու անձի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու վերաբերյալ դատարանի հետևությունները չեն հիմնավորվում գործի նյութերով և համոզիչ չեն։
Մասնավորապես, սույն մեղադրյալի վերաբերյալ երկու քրեական վարույթ կար, որոնցից առաջինով՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրյալի նկատմամբ արդեն իսկ եղել է ընտրված այլընտրանքային խափանման միջոց, որի պայմաններում նոր վարույթ է նախաձեռնվել՝ զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Նախաքննական մարմինը, սակայն, ինչպես հետագայում պարզվել էր դատավորի դիտարկումներից՝ չէր միջնորդել խափանման միջոցի պայման խախտելու հիմքով կալանք կիրառել անձի նկատմամբ, փոխարենը՝ այլ գործով միջնորդություն էր ներկայացրել, որի դեպքում այլընտրանքային խափանման միջոցը բավարար էր։ Բացի այդ, հիմնավոր կասկածը, թեև եղել է, սակայն այնքան բարձր չի եղել ամենախիստ խափանման միջոցը կիրառելու համար, առկա չեն եղել անգամ օպերատիվ տվյալներ։
Դատավորն ինքը ԲԴԽ-ում գործի քննության ժամանակ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ դատական ակտը չի բողոքարկվել դատախազության կողմից, օրինական ուժ է ստացել։ Փաստացի, ՔԿ-ն չսպասելով դատախազի կողմից բողոք ներկայացնելուն, չբողոքարկված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համար հաղորդում է ներկայացրել ԱՆ, այսպես ասած, «բողոքարկել» դատական ակտը ԲԴԽ․ վերջինս էլ իր հերթին «ընդունելի» մոտեցում է համարել դա և նկատողություն հայտարարել դատավորին, այսպես ասած, վերածվելով վերադաս ատյանի։