Դատավորները կարգապահամական պատասխանատվության կենթարկվեն, եթե 6 ամսում չավարտեն գործի քննությունը
Իրավունք
14:40 12/06/2025
Հայաստան

Դատավորները կարգապահամական պատասխանատվության կենթարկվեն, եթե 6 ամսում չավարտեն գործի քննությունը

«Առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում, ըստ որի՝ քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով»,- կառավարության նիստում զեկուցեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով օրենսդրական փոփոխության փաթեթը։

Նրա խոսքով ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած և սահմանվում դրանից շեղման բացառիկ դեպքեր։  Ըստ Գալյանի՝ ներկայում էլ կան վարույթներ, որոնք քննվում են գրավոր ընթացակարգով, և այդ վարույթների ցանկին ավելանում է ամբողջ վերաքննության վարույթը:

«Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննությունն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով, կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու, ապացույցներ հետազոտելու՝ կողմի միջնորդությունը»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով. փոփոխությունը հանգեցնելու է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը և բողոքների՝ ավելի արդյունավետ քննությանը, նաև սահմանվում է բողոքների քննության 6-ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է հետաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով։

Գալյանը հայտարարեց, որ եթե նախատեսված սահմանված ժամկետը սպառվի, իսկ դատավարությունն ավարտված չլինի, ապա դա կարող է առաջացնել դատավորին կարգապահամական պատասխանատվության ենթարկելու հարց:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատավորները կարգապահամական պատասխանատվության կենթարկվեն, եթե 6 ամսում չավարտեն գործի քննությունը