Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծնողները բողոքում են՝ 9-րդ դասարանի «Մաթեմատիկայի» քննության թեստերը խայտառակություն էին, ԳԹԿ-ից արձագանքում են՝ դժգոհությունները շարադրել ու ուղարկել իրենց
Նախօրեին Հայաստանի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները ավարտական քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։ Քննությունից հետո շատ ծնողներ դժգոհություն են հայտել, որ թեստերը բավականին բարդ են եղել, նույնիսկ ծրագրից դուրս։
Ծնողներն իրեն մտահոգություններն են հայտնել սոցիալական հարթակներում՝ հրավիրելով կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուշադրությունը։
«Այսօրվա մաթեմատիկայի քննությունը ևս մեկ անգամ ապացուցում է ձեր ոչ մասնագիտական մոտեցումը։ Ծրագրից դուրս բարդ առաջադրանքները հիմնական դպրոցի ավարտական քննությանը դնելը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դպրոցում տարբեր մակարդակի երեխաների են սովորում, վկայում է ձեր կառույցի անպատասխանատու մոտեցման մասին»։
«Այսօրվա քննությունը խայտառակություն էր: Թեստերը եղել են շատ բարդ և ոչ համապատասխան իրենց անցածին:Լավ,որն է ձեր նպատակը և ի՞նչ եք ուզում մեր երեխաներից»։
«9-րդ դասարանցիների այսօրվա մաթեմատիկայի քննությունը ևս մեկ անգամ հավաստեց, որ խեղաթյուրված է մեր կրթահամակարգը։ Դեռ որքան ժամանակ պետք է շարունակվի այս խայտառակ վիճակը,երբ քննական թեստերի առաջադրանքները չեն համապատասխանում աշակերտների անցած կրթական ծրագրին»։
«Հարգելի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և պորտի նախարարություն, խնդրում եմ ստուգել Ձեր ուղարկածը համապատասխանու՞մ էր դպրոցի ծրագրին։ Գուցե խառնե՞լ եք»։
Նշենք, որ ավարտական քննությունների թեստերը պատրաստում է Գնահատման և թեստավորման կենտրոնը։
ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Panorama.am-ին փոխանցեց, որ իրենց մասնագետների կարծիքով՝ թեստերը եղել են նորմալ։ Գնահատման և թեստավորման կենտրոնից խնդրեցին, որ դժդոհություններն ու բողոքները շարադրել ու ուղարկել իրենց՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, որպեսզի քննարկումը լինի առարկայական։