Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալբինիզմ ունեցող անձանց մոտ մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը չափազանց բարձր
2014 թ-ի դեկտեմբերի 18-ին ընդունած բանաձևով ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովը հունիսի 13-ը հռչակել է Ալբինիզմի իրազեկման միջազգային օր։
Ալբիբիզմը ի ծնե մաշկի պիգմենտների բացակայությունն է։ Ալբինիզմը վարակիչ չէ. այն չի կարող մարդուց մարդուն փոխանցվել արյան փոխներարկման, մաշկ-մաշկի շփման կամ կենդանի փոխանցողների միջոցով: Ալբինիզմ լինում է ոչ միայն մարդկանց, այլև բույսերի և կենդանիների մոտ:
Ենթադրվում է, որ ալբինիզմի հիմնական պատճառը գենետիկ մուտացիաներն են:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, այս տարվա թեման է. «Պաշտպանելով մեր իրավունքները և մեր մաշկը` պահպանենք մեր կյանքը»: Թեման ընդգծում է ալբինիզմ ունեցող անձանց համար իրազեկվածության բարձրացման, կանխարգելման և հիմնական առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման հրատապ անհրաժեշտությունը՝ ընդգծելով մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը կյանքի համար և պաշտպանության, վաղ հայտնաբերման և բուժման կարևորությունը:
«Ալբինիզմ ունեցող մարդ» տերմինը նախընտրելի է «ալբինոս» տերմինից, որը հաճախ օգտագործվում է բացասական իմաստով:
Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում գնահատվում է, որ յուրաքանչյուր 17.000-20.000 մարդուց 1-ը ունի ալբինիզմի ինչ-որ ձև: Ենթասահարական Աֆրիկայում 5000-ից 1 մարդու մոտ է այն արտահայտվում, իսկ այնպիսի աֆրիկյան երկրներում ինչպիսին է, օրինակ, Տանզանիան, գնահատվում է, որ այն ազդում է 1400-ից 1-ի վրա, իսկ Զիմբաբվեի և Հարավային Աֆրիկայի այլ հատուկ էթնիկ խմբերի առանձին բնակչության շրջանում տարածվածությունը հասնում է 1000-ից 1-ի:
Ալբինիզմ ունեցող անձանց մոտ մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը չափազանց բարձր է, և արևապաշտպան միջոցների հասանելիության բացակայությունը, ինչպես նաև մաշկի քաղցկեղի հետազոտությունն ու բուժումը կարող են հանգեցնել կանխատեսելի, բայց և, ցավոք, կանխարգելելի մահվան: Մաշկի քաղցկեղը Հարավաֆրիկյան տարածաշրջանում ալբինիզմ ունեցող մարդկանց մահվան հիմնական պատճառն է, ինչը արևապաշտպան քսուկը նրանց համար դարձնում է հիմնական դեղամիջոց, այլ ոչ թե կոսմետիկ միջոց:
Մի քանի երկրներ նախաձեռնություններ են իրականացնում անվճար կամ սուբսիդավորվող արևապաշտպան միջոցներ, քսուկներ և արևապաշտպան հագուստ տրամադրելու, մաշկաբանական ծառայությունների հասանելիության, մաշկի քաղցկեղի սկրինինգի, հայտնաբերման և բուժման համար, ինչպես նաև իրականացնում են տեղեկատվական արշավներ ալբինիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին արևապաշտպանության կարևորության մասին տեղեկացնելու համար: Նման միջամտությունների ազդեցության վերաբերյալ հրապարակված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ միջամտությունները, դրանց իրականացման ընթացքում, զգալիորեն բարելավում են ալբինիզմ ունեցող անձանց առողջական վիճակը:
Մելանինի պակասը ալբինիզմով ապրող մարդկանց շատ խոցելի է դարձնում մաշկի քաղցկեղի զարգացման նկատմամբ: Որոշ երկրներում ալբինիզմ ունեցող մարդկանց մեծ մասը մահանում է մաշկի քաղցկեղից 30-ից 40 տարեկան հասակում: Մաշկի քաղցկեղը հեշտությամբ կարելի է կանխարգելել, եթե ալբինիզմ ունեցող մարդիկ օգտվեն առողջության պահպանման իրենց իրավունքից: Սա ներառում է կանոնավոր բժշկական զննումների, արևապաշտպան միջոցների, արևային ակնոցների և արևապաշտպան հագուստի հասանելիությունը: Զգալի թվով երկրներում այդ կենսական միջոցները հասանելի չեն նրանց համար։
Ալբինիզմ ունեցող մարդիկ հաճախ ենթարկվում են խտրականության՝ տարօրինակ հայացքներից մինչև իսկ հարձակումների։ Պատճառը իրազեկվածության պակասն է`հատկապես աֆրիկյան երկրներում:
Հիշե՛ք, ալբինիզմը դատավճիռ չէ. նման գենետիկ առանձնահատկություն ունեցող մարդիկ ունեն նույն իրավունքները` ինչ բոլորս, եկեք լինենք ավելի հանդուրժող: