Ինչո՞ւ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի ցանկությունը. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին
Քաղաքական
11:36 17/06/2025
Հայաստան

Ինչո՞ւ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի ցանկությունը. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին

«Մի քանի օր առաջ գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից սպառնում էր և քրեական հետապնդման ցուցումներով հայտարարություն էր անում, որոնց բավարարելու անհագուրդ ձգտումով Աննա Վարդապետյանը, շատ արագ, ափալ-թափալ ներկայացրել է իմ նկատմամբ քրեական հետապնդման միջնորդությունը»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նիստերի օրակարգը զեկուցող Ալեն Սիմոնյանին հարցրեց, թե ինչու է իր վերաբերյալ հարցը դրվել օրակարգի վերջում։

«Ինչո՞ւ է դրված վերջում և չեք կատարում Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, որը նա հայտարարում էր այս ամբիոնից»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը։

Ալեն Սիմոնյանն ասաց, թե «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նամակ է գրել և նշել, որ ոտքի պրոթեզի չաշխատելու պատճառով չի կարող մասնակցել նիստին, իսկ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, դատախազի միջնորդությունը չի կարող քննարկվել, եթե մեիջնորդության մեջ ներառված անձը դահլիճում չէ։

«Դրա համար որոշում է կայացվել այն պահին դնել քննարկման, երբ պարոն Օհանյանը հնարավորություն կունենա լինել դահլիճում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Արծվիկ Մինասյանն ասաց, թե ինքը խոսում է անձամբ իր նկատմամբ քրեական միջնորդությունը քննելու հարցի մասին։

 «Սա մի երկիր է, որտեղ չի կարող կոլեկտիվ պատասխանատվության հարց քննարկվել, ես խոսում եմ իմ դեմ ներկայացված միջնորդության մասին և հորդորում եմ ձեզ, հնարավորինս շուտ դնել քննարկման և հանրությունը տեսնի այս ապօրինություն, թե ինչպիսի քաղաքական հետապնդում է սկսվել իմ նկատմամաբ»,-հորդորեց Մինասյանը։

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե անպայման կքննարկեն հարցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի ցանկությունը. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին