Եկել է ժամանակը քննարկելու ՀԷՑ–ի ազգայնացման գաղափարը. ՔՊ-ական պատգամավորը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո
Քաղաքական
17:55 17/06/2025
Հայաստան

Եկել է ժամանակը քննարկելու ՀԷՑ–ի ազգայնացման գաղափարը. ՔՊ-ական պատգամավորը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո

«Որոշ անառակաբարո տերտերների պաշտպանության մատյան գունդն ակտիվացել է և այդ մատյան գնդի տրոյական ձիերի հերթական հոսքն է նկատվում օտար տարբեր երկրներից գործակալական նկրտումներով հայաստանում ներդրված ամենատարբեր անձնանց միջոցով»,-  Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթի ասաց ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա հայտարարեց. «Այսօր ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ոչ միայն հանդես է եկել Կտրիճ Ներսիսյանի և  որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությամբ, այլ նաև ասում է, որ այ եթե քաղաքական գործիչները չկարողացան այս հարցը լուծել, մենք մեր ձևերով էդ հարցը կլուծենք։ Էդ ձեր ձևերը ո՞րն ա, լույսերն եք անջատելո՞ւ։ Լույսերը հենա անջատում եք, սկի մի թեժ գիծ չեք կարողանում կարգավորել։

Ես ուզում եմ հիշեցնել, որ մի քանի ամիս առաջ ՔՊ–ն ՀԷՑ–ի թեմայով ծավալուն քննարկում կազմակերպեց և շատ կոնկրետ հարցադրումներ արեց, որին հետևեց կառավարությունում վարչապետի կողմից շատ կոնկրետ հարցադրումներ և հանձնարարականները, ահա այսօր արդեն տեսնում ենք այս մարդկանց հոգևոր բանով հանդես գալու մարտակոչերի շրջանակներում հանդես գալը, բայց իրականում սեփական ունեցվածքը պահելու մարմաջը։

Տո դուք ի՞նչ հոգևոր պաշտպանության գործին եք լծվել,  դուք ի՞նչ կապ ունեք Հայ Առաքելական եկեղեցու հետ, հայ ժողովրդի հետ, դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և  օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության այն մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք, պնակալեզ հացկատակների հավաքածուն, որը պետությունն ու ժողովուրդը որպես կթու կով տասնամյակներով օգտագործել ու  թալանել է, այսօր ուզում եք ուղղակի այդ թալանի շարունակականության համար քաղաքական ռևանշի հասնել։Դա չի՞ ձեր ուզածը։

Հայաստանում տրոյական ձին տրոյական վեղարի տեսքով է հանդես գալիս, վեղարը բացում ես, տակից տարատեսակ տրամաչափի օլիգարխներ են դուրս գալիս»։

Հայկ Կոնջորյանը, դիմելով գործարար Սամվել Կարապետյանին, ասաց. «Դու գնա քո ՀԷՑ–ով զբաղվի։ Այս հարցերը հստակ են ու դրվելու են։ ՀԷՑ–ը պետք է փոխհատուցի տասնյակ հազարավոր քաղաքացիներին պատճառված ֆինանսական վնասներ։ ՀԷՑ–ը կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի։ Եկել է, ընդհանրապես ժամանակը քննարկելու ՀԷՑ–ի ազգայնացման գաղափարը։

Դու սեփականատերն ես մի կառույցի, որը Հայաստանում ամենաատելի կառույցն է։ Եթե այսօր Հայաստանի քաղաքացիներին հարցնեք՝ ո՞ր կառույցից եք ամենաշատը բողոքում, իրենք ՀԷՑ–ից կբողոքեն։ Ի՞նչ ես այստեղ եկել հոգեւոր ճմարտակություններով ես զբաղված։ Դեռ մի հատ էլ սպառնում է, ասում է՝ մենք մեր ձևերով կլուծենք։ Դուք ձեր ձևերով արդեն ինչ կարացել եք, լուծել եք, ժողովրդին տասնամյակներ շարունակ թալանել եք, ծառայամիտ, հացկատակ պնակալեզներ եք դուք, ու ձեզ ոչ ոք թույլ չի տալու, որ Հայաստանում վերստին վերադարձնեք օլիգարխիայի իշխանությունը։

Վեր ընկեք տեղներդ»։

Հիշեցնենք՝ news.am-ի հաղորդմամբ, Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանն այսօր ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկել է ժամանակը քննարկելու ՀԷՑ–ի ազգայնացման գաղափարը. ՔՊ-ական պատգամավորը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո