Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամուսնու դին դրված՝ Աննա Մարդանյանին Տավուշի մարզպետը ազատել է դպրոցի ղեկավարի պաշտոնից. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2025թ․ ապրիլի 6-ին Նավուր-Իծաքար ճանապարհին կվադրոցիկլով վթարի է ենթարկվել, տեղում մահացել Նավուրի 44-ամյա բնակիչ Մայիս Օհանյանը։ Նա խոշոր եղջերավոր անասուններ էր պահում, կվադրոցիկլով բարձրանում սարերը: Նավուր գյուղից ստացված տեղեկություններով՝ վթարի ենթարկվելու պատճառ կարող է լինել Մայիսի տիկնոջ՝ Նավուրի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Մարդանյանի աշխատանքի հետ կապված բարդ իրավիճակից Մայիսի խիստ մտահոգվածությունը, նաև այդ օրը քամու առկայությունը։
Հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշում է կայացել Աննա Մարդանյանին ազատել Նավուրի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ 38-ամյա Աննա Մարդանյանը Նավուրի դպրոցը ղեկավարել է 2022թվականից։ Իշխող ՔՊ կուսակցության անդամ,Վանաձորի մանկավարժական համալսարանի շրջանավարտ,Անգլիայիում, քոլեջում երկու տարի սովորած, 2011թվականից հայրենի Նավուրի դպրոցում աշխատած, անչափահաս 2 երեխաների մայր Աննա Մարդանյանն ինչո՞ւ է որոշել ազատվել դպրոցի ղեկավարի պաշտոնից։
Պատճառը հետևյալն է։ Բերդ քաղաքի բնակիչ,1989թվականին ծնված Սերինե Միրզոյանը նախկինում աշխատել է Բերդի համայնքապետարանում, նա ՔՊ կուսակցության, «Կրթվելը նորաձև է» շարժման ակտիվիստներից է։ Նավուրի դպրոցից ստացված տեղեկություններով՝ Սերինե Միրզոյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրեն աշխատանքի տեղավորեն; Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թվականին Ս․ Միրզոյանին նշանակել է Նավուրի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Նավուրի դպրոցից , Նավուր գյուղից հայտնում ե ն, որ վարչատնտեսական մասի համակարգող նշանակվելու համար Սերինե Միրզոյանը պահանջվող աշխատանքային ստաժը չի ունեցել։ Դրանից հետո Նավուր դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը խիստ խաթարվել է։ Նավուրի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Մարդանյանի դեմ բողոքներ են ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Նավուրի դպրոցից հայտնում են, որ մարզպետին բողոքողների մեջ եղել է Սերինե Միրզոյանը։ Մարզպետը հանձնաժողով է կազմել ու ուղարկել Նավուրի դպրոց։
Ըստ Նավուրի դպրոցից ստացված տեղեկությունների՝ Տավուշի մարզպետարանի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը Սերինե Միրզոյանի աշխատանքում թերություններ չի գտել, իսկ Աննա Մարդանյանի վերաբերյալ կազմել է շինծու, 5 կետանոց եզրակացություն, որի հիմքով էլ մարզպետը Աննա Մարդանյանին նկատողություն է հայտարարել։ Այդ անարդարության պատճառով Աննա Մարդանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որը մարզպետը չի ստորագրել, սակայն Աննայի ամուսնու մահվան հաջորդ օրը, երբ ամուսնու դագաղը դրված էր, ստորագրել է»։