«Հրապարակ». ՔՊ-ականներն էլ էին շիվարել Փաշինյանի երեկվա հայտարարություններից
Օրվա մամուլ
08:06 20/06/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականներն էլ էին շիվարել Փաշինյանի երեկվա հայտարարություններից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ թիմը շատ անհանգիստ է իր առաջնորդի պահվածքով ու առողջությամբ: Նա ակնհայտորեն գունատ է, նյարդային, նիհարած և ընկճված տեսք ունի: Իսկ երեկ օրենսդիրի ամբիոնի մոտ այնքան անադեկվատ էր, որ ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ:

2024-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում նա անհավանական, մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող մի շարք հայտարարություններ արեց, որ անգամ ՔՊ-ականներն էին շիվարել: Ասաց. «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը», «Մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ»։ Իսկ կուլմինացիան, անշուշտ, այն միտքն էր, որ ինքը ՀՀ լիարժեք վարչապետ է դարձել 2022թ. հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Փորձեց մանիպուլացնել` ոչ թե ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, այլ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Իսկ մինչ այդ ինքը «ֆորպոստային» երկրի ղեկավար էր։ Ի դեպ, այնքան են օրենքը խախտել, որ ԱԺ կանոնակարգի խախտումը սրանց դեպքում ամենաանմեղ բանն է, և չեն էլ նկատում: Երեկ ԱԺ նախագահը ոտնահարեց «ԱԺ կանոնակարգ» օրենքը, Փաշինյանի 30 րոպեանոց ելույթը չընդհատեց: Իսկ երբ օրենքով ընդմիջման ժամ սկսվեց, անգամ հարկ չհամարեց ձևական խնդրել պատգամավորներին, որպեսզի օգտագործեն նաև ընդմիջման ժամից 15 րոպե»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ականներն էլ էին շիվարել Փաշինյանի երեկվա հայտարարություններից