Ցավն այն է, որ թշնամու ջրաղացին ջուր լցնելով՝ ՀՀ իշխանությունն ինքն է ձեռնարկել եկեղեցու դեմ շարժումը. Վահագն Մելիքյան
Քաղաքական
13:01 25/06/2025
Հայաստան

Ցավն այն է, որ թշնամու ջրաղացին ջուր լցնելով՝ ՀՀ իշխանությունն ինքն է ձեռնարկել եկեղեցու դեմ շարժումը. Վահագն Մելիքյան

«Իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավը և թելադրանքով է, և համատեղելի է իրենց ցանկությունների հետ»,-«Հայ Առաքելական եկեղեցի, պետականություն և արտաքին քաղաքականություն» համաժողովի ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

Ըստ նրա, պատճառը շատ պարզ է՝ եկեղեցին մնացել է մեր ինքնության, պատմության, ժառագության, մշակութային ժառանգության հետ կապ ունեցող միակ կուռ ինստիտուտը։

«Մնացած ամեն ինչը, ինչ ունեցել ենք, այսօրվա ապիկար իշխանությունների թեթև ձեռքով ավիրվել է, հողին է  հավասարեցվել, կամ փորձում են անել, այդ ճանապարհի վրա են»,- ասաց դիվանագետը։

Վ.Մելիքյանը համոզված է, որ այս իշխանությունը եկեղեցու դեմ պայքարում հաջողության չի հասնելու. «Մեր եկեղեցին դարերի ընթացքում դիմակայել է բոլոր հարձակումներին, դժվարություններին,  կանգուն է  մնացել, սրան էլ կդիմանա։ Ցավն այն է, որ թշնամու  ջրաղացին ջուր լցնելով՝ այսօրվա իշխանություններն իրենք են ձեռնարկել այս շարժումը։ Նրանք մանիպուլյատիվ մոտեցումներով պետք է ցույց տան, որ սա եկեղեցու դեմ չէ, եկեղեցուն՝ որպես կառույց, ուղղված չէ, այլ անհատներին, բայց միտումը շատ պարզ է, ուղղված է հենց հայ ինքնության երաշխավոր հանդիսացող կառույցին, այդ ամենը թուլացնելուն, դիմադրողականությունն իջեցնելուն, այնպես անելուն, որ հասարակությունն այս խորն անտարբերության մեջ ավելի անտարբեր դառնա, չխորանա, չմտածի թե ինչ սպառնալիքների ու վտագների առջև է կանգնած Հայաստանը»։

Հարցին՝ ինչո՞վ է հայի ինքնությունը խանգարում իշխանություններին, Վ.Մելիքյանն ընդգծեց՝ համերաշխությամբ, ուժ ներկայացնելով. «Երբ որ ճանաչում ես ինքնությունդ, ընդունում ես ինքնությունդ, դրա մեջ պարփակված է  ամեն ինչ՝  հավատ, պատմություն, ժառանգություն, դարերի խորքից եկող նույն ավանդույթներ։ Սա միայն ու միայն միասնականությանը միտված գաղափար է։ Միասնականությունը, համերաշախությունը պետք է ջարդեն, պատառիկների բաժանեն, որպեսզի հեշտ լինի կուլ տալ»։  

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցավն այն է, որ թշնամու ջրաղացին ջուր լցնելով՝ ՀՀ իշխանությունն ինքն է ձեռնարկել եկեղեցու դեմ շարժումը. Վահագն Մելիքյան