Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի առաջին արբանյակի շուրջ քրեական վարույթը պետական գաղտնիք է պարունակում
Հայաստանի առաջին արբանյակի վերաբերյալ քրեական վարույթը պետական գաղտնիք է պարունակում, իսկ արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը շահագործման են հանձնվել առանց հանրայնացման: Թեմային անդրադարձել է «Հետք»-ն ու մանրամասնել.
«2022 թ. մայիսի 25-ին տիեզերք արձակված Հայաստանի առաջին արբանյակի՝ ARMSAT-1-ի մասին տեղեկություններն ավելի շատ գաղտնիք են պարունակում, քան հանրությանը հասանելի տվյալներ:
2024-ի աշնանը մամուլը գրեց, որ արբանյակի վերաբերյալ առկա է քրեական վարույթ, որով նախաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեում: Սակայն Գլխավոր դատախազությունը թեմայի շուրջ լրագրողների հարցումներին չի պատասխանում՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն դրույթին, որի համաձայն՝ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե այն պարունակում է պետական, բանկային, առեւտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն:
Քրեական վարույթի նյութերը պետական գաղտնիք են պարունակում
Դատախազությունը միայն հաստատում է, որ կա քրեական վարույթ, իսկ մնացածի մասին լռում է:
Այդուհանդերձ, իրավապահ համակարգում «Հետքի» աղբյուրը փոխանցել է, որ վարույթի նյութերի վրա դրվել է «Գաղտնի» դրոշմագիրը, ինչը նշանակում է, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք: «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ գաղտնիության «Գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է էական վնաս հասցնել ՀՀ ազգային անվտանգությանը կամ շահերին:
Համադրելով սուղ տեղեկությունները՝ ստացվում է հետեւյալ պատկերը: Կա պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայով քրեական վարույթ, որը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿԿ) տիրույթում:
2024 թ. Կառավարության որոշման համաձայն՝ ՀԿԿ-ն իրավունք ունի տնօրինել, գաղտնագրել ու գաղտնազերծել հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական եւ օպերատիվ-հետախուզական ոլորտի մի շարք տեղեկություններ, այդ թվում՝ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների եւ արդյունքների, ինչպես նաեւ այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները:
7 մլն դոլար՝ արբանյակին ու վերապատրաստումներին, 368 հազ. դոլար՝ կառավարման կենտրոնին եւ ընդունիչ կայանին
Քրեական վարույթի շրջանակներում մամուլը շրջանառել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունը, որը 2021-2022 թթ. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարն էր: Ու չնայած 2022-ի մարտին Խաչատուրյանը դարձել էր նախագահ, իսկ ARMSAT-1-ը տիեզերք էր արձակվել դրանից 2 ամիս անց՝ մայիսին, մամուլի տեղեկություններով՝ հենց նրա օրոք էր սկսվել արբանյակի ձեռքբերման ու արձակման գործընթացը:
Մասնավորապես «Հրապարակ» օրաթերթը 2024-ի աշնանը գրել էր, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի փակ նիստում հայտարարել է, թե ARMSAT-1-ի վրա մոտ 8 մլն դոլար է մսխվել, ինչից հետո նիստին մասնակցած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը (2019-2021 թթ. ԲՏԱ նախարարն էր) դիտողություն է արել, թե չարժե նման լայն ֆորմատով այդ հարցերը քննարկել, բայց Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրեական վարույթ կա։
«Ես սովորություն չունեմ կուսակցական փակ ֆորմատի քննարկումների բովանդակությունը հրապարակային դարձնելու: Այն, ինչ ներթիմային քննարկման համար է, ներթիմային քննարկման համար է,- մամուլում հայտնված արտահոսքից օրեր անց՝ 2024 թ. նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել էր Մ. Հայրապետյանը,- ես նման գնահատական տալ չեմ կարող, որ ինչ-որ միլիոնավոր դոլարների մսխում է տեղի ունեցել… Ներկայացնել, որ գումարներ են մսխվել, մեղմ ասած, սրանք լրջագույն մանիպուլյացիաներ են, եւ անհրաժեշտ է սրա հետեւից գնալ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։