Ադրբեջանը չեղարկել է ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու և այնտեղ նախատեսված բոլոր ռուսական մշակութային միջոցառումները
Քաղաքական
14:00 29/06/2025
Հայաստան

Ադրբեջանը չեղարկել է ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու և այնտեղ նախատեսված բոլոր ռուսական մշակութային միջոցառումները

Ադրբեջանում չեղարկվում են բոլոր մշակութային միջոցառումները, այդ թվում՝ Ռուսաստանի պետական ​​և մասնավոր հաստատությունների կողմից նախատեսված համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։

«Հաշվի առնելով Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից էթնիկ հողի վրա ադրբեջանցիների նկատմամբ կատարված ցուցադրական, նպատակային և արտադատական սպանությունները և բռնության ակտերը, ինչպես նաև այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, չեղարկվում են Ռուսաստանի պետական ​​և մասնավոր հաստատությունների կողմից Ադրբեջանում նախատեսված մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Մշակույթի նախարարությունը նշել է, որ նախապես տոմսեր գնած քաղաքացիները կարող են կապ հաստատել համապատասխան վաճառքի կետերի և առցանց հարթակների հետ՝ գումարը հետ ստանալու համար։

Այդ հիմքով չեղարկվել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Ադրբեջան, որը նախատեսված էր հունիսի վերջին։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՌԴ ԱԴԾ -ն Եկատերինբուրգում խուզարկություններ է անցկացրել ադրբեջանցիների շրջանում,  գործողության ժամանակ երկու ադրբեջանցի է մահացել, մեկ տասնյակից ավելին էլ՝ ձերբակալվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը չեղարկել է ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու և այնտեղ նախատեսված բոլոր ռուսական մշակութային միջոցառումները