Կայացել է «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025»-ի շնորհանդեսը
Տնտեսություն
15:11 30/06/2025
Հայաստան

Կայացել է «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025»-ի շնորհանդեսը

Տեղի ունեցավ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսը: Զեկույցը պատրաստել է Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկեր «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը:

«Ամերիա» ՓԲԸ գործընկեր, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր ելույթում նշեց. «Զեկույցի արդյունքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում պահանջում է ավելի լայն քաղաքական տեսլական՝ այնպիսին, որը դուրս է գալիս միայն ֆինանսական աջակցության շրջանակներից և կենտրոնանում է կրթության, թվային ներառականության և կառուցվածքային խթանների վրա, որոնք նպաստում են բիզնեսի մասշտաբավորմանը, նորարարությանը և երկարաժամկետ գոյատևմանը»։

Նա հայտնեց, որ Հայաստանում հասարակության շրջանում առկա է ձեռներեցության բավական բարձր միտվածություն՝ համեմատած ամբողջ աշխարհի հետ, ինչը մեր սոցիալ-մշակութային առանձնահատկության արդյունք է, մանավանդ, որ հետխորհրդային մյուս երկրները միշտ ցույց են տալիս ձեռներեցության պակաս հետաքրքրություն։

«Ասեմ, որ այս ցուցանիշը 2019 թվականի համեմատ նվազել է։ Կարծում ենք, որ դրա պատճառն այն էր, որ հեղափոխությունից հետո ավելի ռոմանտիկ պատկերացում կար ապագայի նկատմամբ, բայց հետագայում այն բոլոր ճգնաժամերը, որոնց միջով անցավ մեր երկիրը, բերեցին տվյալ նվազմանը։ Սակայն անգամ այսօր հստակ կարող ենք արձանագրել, որ Հայաստանը ձեռներեցության ուղղվածությամբ շատ ավելի բարվոք վիճակում է՝ Արևելյան Եվրոպայում գրավելով առաջին տեղը, իսկ աշխարհում՝ 4-5-րդ»,-հայտարարեց Տիգրան Ջրբաշյանը։

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը նշեց, որ անհամամասնություն կա գենդերային սկզբունքով և այդ ցուցանիշներով զիջում ենք նույնիսկ իսլամական հավատքի հետևող երկրներին, որոնք, որպես կանոն, ձեռներեցության մեջ կանանց դերն ավելի քիչ են տեսնում։

 Ջրբաշյանը հայտնեց, որ 2019 թվականի ուսումնասիրությունների համեմատ ձեռներեցությունը Երևանից և գյուղերից դուրս է շարժվում դեպի մարզային քաղաքներ։

«Սա ապացուցում է նաև մեր այլ հետազոտությունների արդյունքները, որ գյուղատնտեսությունը դառնում է առավել քիչ հրապուրիչ։ Ավելի շատ թվով մարդիկ գերադասում են իրենց ապագան տեսնել գյուղատնտեսությունից դուրս և ձեռներեցությունը տեղափոխվում է ռեգիոնալ քաղաքներ»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը։

GEM ազգային թիմի ղեկավար, «Ամերիա» ՓԲԸ գործընկեր, կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց զեկույցը՝ ասելով, որ այն ձեռնարկատիրության ոլորտի ամենահեղինակավոր և ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որը 1999 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի հավաքագրում և ներկայացնում է ավելի քան 500 ցուցանիշ՝ ամփոփելով համապարփակ տվյալներ և վերլուծություններ աշխարհի ավելի քան 100 երկրից։

Զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը՝ տեղական և գլոբալ մակարդակներում։ Հայաստանը 2-րդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը: Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին, երբ զեկույցին միացել էր 49 երկիր: 2024 թվականին Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի կազմմանը մասնակցել է 51 երկիր։ Այդ երկրների թվում են ինչպես մի շարք զարգացող երկրներ՝ Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, այնպես էլ՝ զարգացած տնտեսություններ ունեցող երկրներ` ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Նորվեգիա և այլն:

Այս տարի ևս, ինչպես և 2019 թվականին, «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակումը պատրաստել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի» հայաստանյան գործընկերն է:

«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց 2024/2025» հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019թ․ արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև, այդ թվում՝ «Արևելյան Եվրոպա+» խմբի երկրների, որտեղ Հայաստանն ընդգրկված է տարածաշրջանային պատկանելիության սկզբունքով։ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 2024/2025» հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161,000 չափահաս ռեսպոնդենտ մասնակից 51 երկրից և ավելի քան 2,400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։

Հայաստանում տվյալների հավաքագրումը ներառել է անհատական հարցազրույցներ 2,000 չափահաս (18-64 տարեկան) բնակչության շրջանում և 37 ոլորտային փորձագետի հետ: Անհատական հարցազրույցներն իրականացվել են 2024թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում։

Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունն ըստ բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ոլորտների: Զեկույցն անդրադառնում է ձեռնարկատիրությանը ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։

Ազգային զեկույցի շրջանակում դուրս բերված մի շարք հետաքրքիր արդյունքները հատկապես կարևոր է հաշվի առնել հետագայում ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման ժամանակ:

Այսպես, օրինակ.

-2024 թվականին Հայաստանը շարունակում է ցուցաբերել ձեռնարկատիրության բարձր աստիճան («Արևելյան Եվրոպա+» խմբում զբաղեցնում է 1-ին, իսկ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 51 երկրների շրջանում` 5-րդ տեղը)՝ ձեռնարկատիրությունը դիտարկելով որպես ցանկալի կարիերա։

-Ձեռնարկատերերի հանդեպ հասարակության շրջանում առկա հարգանքն ու մեդիա շրջանակներում դրական արձագանքը շարունակում են մնալ բարձր մակարդակում:

-Ձեռնարկատիրության հիմնական շարժառիթը շարունակում է մնալ կարիքը, սակայն հարստություն կուտակելու ձգտումը` որպես ձեռնարկատիրության հիմնական շարժառիթ, էապես աճել է՝ հատկապես երիտասարդների և քաղաքաբնակների շրջանում:

-Հայաստանում ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրությունների 44%-ը և կայացած բիզնեսների 53%-ը միանձնյա են։

-Կանանց ձեռնարկատիրությունը, ի տարբերություն տղամարդկանց, համեմատաբար թույլ է զարգացած։

-Ձեռնարկատիրական միջավայրը բնորոշող ցուցանիշներից ձեռնարկատիրական կրթությունն ամենացածր գնահատականին է արժանացել փորձագետների կողմից։

-Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումն առայժմ ցածր մակարդակի վրա է՝ հատկապես կայացած բիզնեսների շրջանում:

Զեկույցի վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձը ներկայացրեց նրա գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը։ Ողերձում  մասնավորապես ասվում է. «Այս զեկույցի թողարկումը հատկապես ժամանակին է․ այն ներկայացնում է ձեռնարկատիրության վիճակի օբյեկտիվ և համապարփակ գնահատական Հայաստանում և համեմատում է մեր առաջընթացը գլոբալ համատեքստում»։

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանն ասաց. «Դժվար է թերագնահատել զեկույցի կարևորությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այն քաղաքականություն մշակող մարմնին, գիտական և ակադեմիական շրջանակներին թույլ է տալիս հստակ հասկանալ Հայաստանում ձեռնարկատիրության միտումները և մոիտիվացիան՝ հնարավորություն ստեղծելով ավելի լիարժեք և համապարփակ քաղաքականություն մշակել, առկա բացերը լրացնելու և առավել արդյունավետ գործիքակազմ կիրառելու համար»։

Ֆանյանը հայտնեց, որ Հայաստանում ձեռնարկատիրությունը սոցիալական բնույթ ունի՝ կենսամիջոցների հայթայթման նպատակ է հետապնդում,  ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ մոտիվացիան աշխարհը փոխելն է։

 «Շրջանառության հարկի համակարգի նեղացումը լուրջ մարտահրավերներ է առաջացրել մեր ձեռներեցության համար, հատկապես՝ փոքր ձեռներեցների, որը հարկային բեռի բարձրացումից բացի առնչվելու է մեծաքանակ վարչարարական գործընթացների հետ, որը լրացուցիչ տրանսակցիոն ծախսեր է առաջացնելու ձեռնարկությունների մոտ»,-ասաց Ֆանյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչու է 2019 թվականի համեմատ ձեռնարկատիրության նկատմամբ Հայաստանում հետաքրքրությունն անկում ապրել՝ «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրենն ասաց. «Քանի որ ձեռնարկատիրության հիմնական մոտիվացիան ընտանիքի կենսապայմանների բարելավումն է, ապա երբ մարդիկ աշխատատեղեր են ունենում, իրենք ինքնուրույն չեն փորձում այդ հարցը լուծել։ Հաշվի առնենք այն, որ ձեռնարկատիրության մեջ համաշխարհային մեթոդաբանությամբ մտնում է նաև գյուղատնտեսությունը, և քանի որ վերջինում և այլ ոլորտներում արդյունավետությունն ավելի ցածր է, և երբ լինում է աշխատատեղ, մարդը թողնում է իր ձեռնարկատիրական գործունեությունը, գնում աշխատում է որպես վարձու աշխատող այլ կազմակերպություններում»։

 «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության գլխավոր հետազոտական խմբի ղեկավար Արտաշես Շաբոյանն էլ ասաց. «Ձեռնարկատիրական մոնիթորինգի աշխատանքը, որպես հետազոտական, շատ մեծ, ամենախորը վիճակագրական մեթոդներ կիրառած աշխատանքներից մեկն է։ Նշեմ, որ տվյալների հավաստիության տեսանկյունից միայն 20 տարուց ավել այս մեթոդաբանության վրա աշխատել են միջազգային հայտնի համալսարանների պրոֆեսորներ, մասնավորապես՝ Նյու Յորքի և Լոնդոնի համալսարանների։ Սա թույլ է տալիս վստահել արդյունքները»։

 Նրա խոսքով՝ վերջին տարիներին տարբեր ինովացիոն վարկանիշներում ներառվում է Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցից ցուցանիշներ։

 «Այս հետազոտության մեծ առավելությունն այն է, որ  նույն մեթոդաբանությամբ հետազոտությունն իրականացվել է բոլոր 51 երկրում»,-ասաց Արտաշես Շաբոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կայացել է «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025»-ի շնորհանդեսը