Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրական եղբայրը նա է, ով հարգում է ընտանիքը, այլ ոչ թե պառակտում է այն. Տեր Վրթանես Բաղալյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանա Տեր Վրթանես Բաղալյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ ամուսնացյալ քահանաներին ուղղված հրապարակային հայտարարությանը.
«Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնական ձեռնադրությամբ ծառայող ամուսնացյալ քահանա՝ իմ պարտականությունը ոչ միայն Սուրբ Պատարագի մատուցումն ու Աստծո Խոսքի քարոզությունն է և այլ ծեսեր ու արարողություններ, այլև՝ Եկեղեցու միասնության և ամբողջականության պաշտպանությունը, անկախ անձնական հագուրդներից կամ քաղաքական մթնոլորտից։
Վերջերս արված այն հայտարարությունները, թե «ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են», արտաքինից կարող են հնչել որպես եղբայրական ջերմություն և կապի հաստատման փորձ։ Սակայն իրական եղբայրը նա է, ով հարգում է ընտանիքը, այլ ոչ թե պառակտում է այն։
Մեր հոգևոր ընտանիքի գլուխը, Եկեղեցու սահմանված կարգով, Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ եպիսկոպոսաց դասը մեր հովվապետական առաջնորդությունն է՝ ձեռնադրությամբ ու Սուրբ Հոգու շնորհով հաստատված։ Ով արհամարհում է Հայրապետին ու հալածում եպիսկոպոսներին, նա ըստ էության մերժում է նաև այն միությունը, որի կրողն ենք մենք՝ ամուսնացյալ քահանաներս։
Հետևաբար, անհնար է սիրել մեկ անդամին և մերժել Մարմնի գլուխն ու սյուները։
Որպես ծառա Տիրոջ մեջ՝ ես մերժում եմ այն թյուր պատկերացումը, թե հնարավոր է «եղբայրություն» քարոզել մի ձեռքով՝ մինչ մյուսով քանդվում է Հայ Եկեղեցու ինքնիշխանությունը։ Եթե իմ հավատը և նվիրումը հարգանքի են արժանանում, ապա նույնը պարտադիր կերպով վերաբերում է նաև Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ ու ձեռնադրությամբ է յուրաքանչյուր քահանա իր գոտին կապել։
Խնդրում եմ՝ եթե իսկապես եղբայրական մոտեցում ունեք ամուսնացյալ քահանաների նկատմամբ, ապա ձեր խոսքը թող համընկնի ձեր գործերի հետ, և դադարեցվի այն պետական քաղաքականությունը, որը սանձազերծել է արշավ Հայ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսաց դասի դեմ։
Աղոթում եմ, որ ճշմարտության լույսը հաղթի մոլորության խավարին»։
Տեր Գարեգին քահանա Սարգսյանը Փաշինյանի նույն հայտարարության մասին գրել է. «Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, չեմ կարող եղբայր լինել նրան, ով թշնամանում է իմ Եկեղեցու, ազգի, պատմության ու սրբությունների հետ։ Իմ հոգևոր ընտանիքն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և իմ Հոգևոր Հայրն է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ով մերժում է սրբությունները, պատմական արդարությունը և ազգիս հոգևոր սպասավորներին, չի կարող լինել իմ եղբայրը Քրիստոսով»։