Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել նաև պետական բյուջեի եկամուտների փոփոխության
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կազմել է ՔՊ խմբակցությունը, սակայն միաժամանակ ներկայացրել է դիտողություններ և առաջարկներ:
Ինչի մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյանը իր ՔՊ խմբակցության հեղինակած նախագծի մասին գրել է, որ «նախագծերն ունեն լրացուցիչ հիմնավորման կարիք` առավել մանրամասն բացահայտելով ոլորտի ընթացիկ իրավիճակը և տվյալ ոլորտում ներկայում առկա խնդիրները: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ, թե «Հանձնաժողովի նախագահի որոշումը արդյոք ենթակա է անհապաղ կատարման, թե ոչ, ինչպես նաև արդյոք դրա բողոքարկումը կասեցնելու է որոշման գործողությունը կամ կատարումը»։
Վարչապետն առաջարկում է օրենքի 27-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 2.1-րդ և 2.2-րդ մասերով.
«2.1. Սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի։ Սույն մասով սահմանված նախապատվության իրավունքի իրացման նպատակով լիցենզիա ունեցող անձը ծանուցում է Կառավարությանը համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Կառավարությունը կարող է օգտվել իր նախապատվության իրավունքից նշված ծանուցումը ստանալուց հետո եռամսյա ժամկետում՝ լիցենզիա ունեցող անձին ծանուցելով այդ մասին: Նախապատվության իրավունքը իրացնելու կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
2.2. Սույն հոդվածի 2.1-րդ մասում նշված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրանց շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ։
Նիկոլ Փաշինյանը նաև առաջարկում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 101-րդ և 109-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները՝ ըստ որոնց ընկերության մասնակիցները կամ բաժնետերերը՝ իրենց բաժնեմասերին կամ բաժնետոմսերին համամասնորեն, ունեն նախապատվության իրավունք համապատասխան բաժնեմասերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման հարցում (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված որոշ դեպքերի), գտնում ենք, որ «Էներգետիկայի մասին» օրենքի նախագծով Կառավարությանը տրվող նախապատվության իրավունքի մասով բացառություն պետք է նախատեսել»։
Փաշինյանը նաև գրում է. «52.1-րդ նոր հոդվածի 1-ին մասում օգտագործվող ձևակերպումը՝ ըստ որի «Հանձնաժողովի նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում», ենթակա է վերանայման, քանի որ այն առնվազն լեզվաբառային և իրավական տեսանկյունից ձևակերպված է անորոշ կերպով։ Քանի որ վարույթը հարուցվում է որոշմամբ, ապա անհասկանալի է, թե ինչպես կարող է նույն որոշմամբ կրկին «վերահաստատվել» վարույթի հարուցումը։ Այս տրամաբանությամբ ձևակերպումն անհրաժեշտ է հստակեցնել կամ կառուցել փուլային ձևով՝ նախ արձանագրելով վարույթի հարուցման փաստը, ապա՝ դրա հիման վրա կանխարգելիչ միջոցառումների կիրառման հնարավորությունը։ Նույն դիտարկումը վերաբերում է նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
Ըստ Փաշինյանի՝ միաժամանակ նույն նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 52.1-ին հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք իրավաբանական անձը ևս կարող է լինել ժամանակավոր կառավարիչ, եթե այո, ապա անհրաժեշտ է վերանայել բարձրագույն կրթության պահանջի վերաբերյալ կարգավորումը։
Նույն նախագծով կարգավորված չէ նաև այն հարցը, թե ինչ ընթացակարգ է գործելու կանխարգելիչ միջոցառումների կիրառման ժամանակ լիցենզավորված անձի դեմ սնանկության դիմում ներկայացնելու դեպքում։
Նույն նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «օրենքի 2-րդ հոդվածից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքից» բառով։ Միաժամանակ հայտնում ենք, որ նշված նախագծերում առկա կարգավորումների նախատեսմանը զուգահեռ, անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում՝ համապատասխան կարգավորումներ նախատեսելով իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման «ժամանակավոր կառավարչի նշանակման» դեպքում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու վերաբերյալ։
Հարկ է նաև նշել, որ նախագծի որոշ կարգավորումներում առկա են տեխնիկական անհամապատասխանություններ կամ բացեր, որոնք նույնպես անհրաժեշտ է շտկել: Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել նաև ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցերը այսօր կամ վաղը պետք է քննարկվեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո նոր պետք է կազմակերպվի օրինագծի քվեարկությունը նաև երկրորդ ընթերցման ռեժիմով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։