Համաշխարհային աստղերի հետ աշխատած Էդգարդո Վերթանեսյանը վստահ է՝ հայ երիտասարդ արտիստները մեծ պոտենցիալ ունեն
Մշակույթ
14:30 03/07/2025
Հայաստան

Համաշխարհային աստղերի հետ աշխատած Էդգարդո Վերթանեսյանը վստահ է՝ հայ երիտասարդ արտիստները մեծ պոտենցիալ ունեն

«Հայ արտիստները շատ տաղանդավոր  են, նշանակում է՝ ուսումնական համակարգն այստեղ աշխատում է»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժամանել Prima Classic ձայնագրման ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն, հնչյունային ինժեներ Էդգարդո Վերթանեսյանը։

Նա նշեց, որ ծնողներն էլ իրենց դերն ունեն, քանի որ սոլո-արտիստը կյանքում արդյունքի հասնելու համար պետք է սկսի աշխատել արդեն  4-6 տարեկանից, իսկ ավելի ուշ սկսելու դեպքում հնարավոր է ցանկալի արդյունք չգրանցի։ 

«Մեր արտիստները  բավական տաղանդավոր են, ապագայում ավելի մեծ բեմերի հասնելու մեծ պոտենցիալ ունեն»,-ասաց Էդգարդո Վերթանեսյանը։

Նշենք, որ  Prima Classic (ԱՄՆ) ձայնագրման ընկերությունը և Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը, Armenopole միջազգային առցանց հարթակի հետ համագործակցությամբ, մեկնարկել են հայ երաժիշտներին և հայ երաժշտությունը միջազգային հարթակներում հանրահռչակելու աննախադեպ նախագիծ:

Էդգարդո Վերթանեսյանը Հայաստան է եկել այդ նախագծի իրականացման շրջանակում։ Նա ձայնագրել է ավելի քան 100 դասական երաժշտական ալբոմ, համագործակցել է Մադոննայի, Ռիհաննայի, Էմինեմի և Ջեյ-Զիի հետ, այժմ համագործակցության հերթը հայ երաժիշտների հետ է։ 

Նախագիծը հնարավորություն է տալիս հայ կայացած և սկսնակ երաժիշտներին ձայնագրել և թողարկել թվային սինգլեր, մինի ալբոմներ (EP) և ալբոմներ՝ միջազգային հեռարձակման բոլոր հարթակներում հրապարակելու հնարավորությամբ: Այդ ամենն իրականացնելու համար երաժիշտներին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, կապահովվեն ձայնագրման համար միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր պայմանները, փոստ-փրոդաքշնը, թողարկումն ու մարքեթինգային բոլոր միջազգային գործիքները՝ ձայնագրության տարածում Spotify, Apple Music, YouTube և ավելի քան 80 միջազգային հարթակներում, գովազդային աջակցություն և այլն:

Մայիսի 16-ին, կարճ ցանկում (short list) ընդգրկված երաժիշտների համերգից հետո, որը հեռարձակվել է Armenopol միջազգային առցանց հարթակով, հայտարարվել են հաղթողները։ «Սկսնակ երաժիշտների» (18-28 տարեկան) ծրագրի հաղթողները դարձել են դաշնակահարներ Գայանե Ասլանյանը, Սուրեն Բաբայանը, Ռուբեն Կոզինը, հոբոյահար Հայկ Հեկեկյանը և դասական կիթառահար Վահան Սարգսյանը։ Ընտրությունը կատարվել է Էդգարդո Վերթանեսյանի կողմից։ Հուլիսի 3-ին և 4-ին, Էդգարդո Վերթանեսյանի գլխավորությամբ, կիրականացվեն ձայնագրությունները։

Նա ասաց, որ նախապես իրենց դիմել են 16 մասնակիցներ, ընտրվել են նրանք, ովքեր այս երկու օրերին պետք է ձայնագրվեն։

Էդգարդո Վերթանեսյանի ներկայացմամբ, ծրագրի հիմնական նպատակն է գտնել ամենատաղանդավոր արտիստներին։

«Արտիստի կարիերայում շատ կարևոր է ձայնագրվելը։ Այդ պատճառով մենք փորձում ենք իրենց տալ այդ հնարավորությունը։ Ձայնագրվելը բավականին թանկ է, մենք այդ բեռը հիմնադրամի հետ վերցնում ենք մեզ վրա։ Երիտասարդ արտիստը ձայնագրվելով, հետագայում կարող է ամեն տեղ ցույց տալ ձայնագրությունը, գտնել իր համար միջազգային մենեջերների»,- ասաց նա։  

Էդգարդո Վերթանեսյանը հայտնեց, որ ծրագիրը լինելու է շարունակական, որպեսզի ամեն տարի կարողանան գտնել նոր երիտասարդ արտիստներին։

Primavera Foundation of Armenia-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ելենա Յակովլևան հույս հայտնեց, որ այս նախագիծը կոգեշնչի երիտասարդ երաժիշտներին ավելի կատարելագործել և հանրահռչակել իրենց կատարողական արվեստը. «Մենք մեր կողմից անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի համաշխարհային լսարանի համար ապահովենք հայ երաժշտության դյուրին և համապարփակ հասանելիությունը՝ բացահայտելով նրանց համար հայ երաժիշտների վարպետությունը իրենց ծանոթ բոլոր միջազգային հարթակներում»:

Նա նաև պատմեց, թե ինչպես է սկսել համագործակցությունը Էդգարդո Վերթանեսյանի հետ. «Ծանոթացել ենք Էդգարդոյի հետ 2 տարի առաջ։ Մենք աշխատում էինք մի նախագծի վրա, որը որևէ կապ չուներ Հայաստանի հետ։ Նրա ազգանունը ինձ հուշեց, որ հայկական արմատներ ունի։ Նրա պապերը Արևմտյանի Հայաստանից են եղել։ Երբ առաջարկեցի  հայ երիտասարդ երաժիշտների համար նախագիծ անել, անմիջապես համաձայնվեց»։

Prima Classic ձայնագրման ընկերության և Primavera Foundation of Armenia-ի համագործակցությունն ունի նաև կրթական բաղադրիչ, հայ երաժիշտների և հնչյունային ինժեներների համար նախատեսված է ամենամյա սեմինար «Երաժշտության արտադրության և դասական երաժշտության ինդուստրիայի հիմնական դրույթները» թեմայով, որը կվարի հենց Էդգարդո Վերթանեսյանը: Այս տարի անվճար դասընթացը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը` 17:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախագծերի ղեկավար Մարինե Ալավերդյանն ասաց, որ իրենք ամբողջովին աջակցում են հիմնադրամին իրենց բոլոր հնարավորություններով՝ թե շենքային, թե տեխնիկական։

«Այս հիմնադրամն իրական գործիքներ է  տալիս արտիստներին, որոնք իրենցից ենթադրում են  ստեղծագործական աճ՝ թե ձայնագրման, թե տարածման, ամենակարևորը՝ միջազգային լսարանին հասնելու համար, որը հայ արտիստների համար խնդիր է»,- նշեց նա՝ հավելելով, որ կշարունակեն համագործակցությունը հիմնադրամի հետ նաև նոր ձևաչափերով։

Prima Classic-ը հիմնադրվել է հռչակավոր օպերային երգչուհի Մարինա Ռեբեկայի և հնչյունային ինժեներ Էդգարդո Վերթանեսյանի կողմից և գործունեություն է ծավալելում Եվրոպայում և ԱՄՆ-ում: Այն ձայնագրման անկախ լեյբլ է, որը կենտրոնացած է օպերաների, դասական երգեցողության և գործիքային երաժշտության ձայնագրման ուղղության վրա:

Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս է սկսել համագործությունը համաշխարհային աստղերի հետ, Էդգարդո Վերթանեսյանը պատասխանեց. «Համագործակցությունը աստղերի հետ սկսել եմ շատ տարիներ առաջ։ Մի շարք աստղերի հետ նաև շրջագայությունների եմ գնացել։ Սակայն հասկացա, որ փոփ երաժշտությունը գալիս է ու գնում է, իսկ դասական երաժշտությանը մնայուն է։ Դրա համար Ռեբեկայի հետ համագործակցելով՝ որոշեցինք ձայնագրել դասական երաժշտություն։ Այն տաղանդները, որոնց Աստված տալիս է, մենք պարտավոր ենք պահպանել, նրանց ստեղծածը փոխանցել հաջորդ սերունդներին»։

Էդգարդո Վերթանեսյանն առաջին անգամ է Հայաստանում։

«Հրաշալի մարդիկ եք, բարի, հյուրընկալ։ Ստիպում եք ինձ զգալ ինչպես իմ տանը։ Առաջին օրերին զբաղված եմ լինելու, հետո կշրջեմ երկրով մեկ՝ տեսնելու Հայաստանի հրաշալիքները, փորձելու հայկական ուտեստներն ու հայկական գինին»,- ասաց նա։

Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամը հիմնադրվել և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում 2022թ.-ից: Այն ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և արվեստի մենեջմենթի զարգացմանը:  Հիմնադրամը տասնյակ կրթական ու մշակութային նախագծեր է իրականացրել ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի հեռավոր մարզերում: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համաշխարհային աստղերի հետ աշխատած Էդգարդո Վերթանեսյանը վստահ է՝ հայ երիտասարդ արտիստները մեծ պոտենցիալ ունեն