Սուրբ Էջմիածինը ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին. Նարեկ Սրբազան
Հասարակություն
16:28 04/07/2025
Հայաստան

Սուրբ Էջմիածինը ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին. Նարեկ Սրբազան

Հուլիսի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցելԲրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։

Իր քարոզում պատարագիչ Սրբազանն անդրադարձել է Հայոց աշխարհում աստվածային լույսի ներգործուն զորությանը, որը ճառագեց Խոր Վիրապի խավար գբից, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ ընկերակցությամբ լռության, ցրտի, մենության հաստատուն մնաց իր հավատքի մեջ և Սուրբ Հոգու շնորհներով, լուսավոր հավատքով վերակառուցեց մեր հոգևոր հայրենիքը։

Նարեկ Սրբազանն ընդգծել է, որ այդ հոգևոր հայրենքում հաստատվեց Սուրբ Էջմիածինը, որպես աստվածային հայտնության մարմնացում, ուր Աստված հանդիպեց հայոց ազգին։

Սրբազան Հայրը խոսել է նաև մերօրյա դժվարությունների և եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին՝ անդրադառնալով անազատության մեջ գտնվող հայորդիներին։

«Այն, ինչ-որ տեսանք օրեր առաջ, իսկապես, կարելի է անվանել համազգային ամոթի օր։ Մեր երկու հոգևոր եղբայրները՝ Միքայել և Բագրատ Սրբազանները, ինչպես նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանն այսօր «Վիրապ»-ի մեջ են։ Նրանք լուռ են, բայց նրանց աղոթքը բարձրանում է երկինք ու այդ աղոթքի ձայնը տարածվում է Սուրբ Էջմիածնից։

․․․Սուրբ Էջմիածինը ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին։ Այն սասանել անկարելի է, որովհետև նրա հիմքը մեր Տերն է՝ Հիսուս Քրիստոս», - նշել է Նարեկ Սրբազանը՝ ամենքին հորդորելով այս տագնապալի օրերին հաստատուն լինել հավատքի մեջ, մնալ հավատարիմ զավակները Սուրբ Էջմիածնի և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուրբ Էջմիածինը ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին. Նարեկ Սրբազան